Հայկական թարմ միրգն ու բանջարեղենն այսուհետ միջազգային շուկա կարտահանվի «ARARATFRUIT» ապրանքանիշով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2010 20:52

Հայկական թարմ միրգն ու բանջարեղենն այսուհետ միջազգային շուկա կարտահանվի «ARARATFRUIT» ապրանքանիշով: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց արտահանումն իրականացնող «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերության զարգացման գծով խորհրդատու Կարեն Բաղդասարյանը, այդ ուղղությամբ արդեն շուրջ մեկ տարի է ինչ իրենց կողմից տարվում է մարքեթինիգային լուրջ քաղաքականություն, որի արդյունքում մշակվել է բրենդի ձեւավորման եւ մատուցման հստակ ռազմավարություն:

Ընկերությունը, որը, հիմնադրվելով 2001թ-ից, Հայաստանի առաջատար ավտոբեռնափոխադրող ընկերություններից մեկն Է, կազմակերպում է միջազգային բեռնափոխադրումներ ԱՊՀ երկրներ եւ Եվրոպա: Ներկայումս ընկերությունը տնօրինում է եվրոպական արտադրության սառնարան-կիսակցորդներից բաղկացած 30 միավոր համակազմ: Կ. Բաղդասարյանի տեղեկացմամբ, ուսումնասիրելով ՀՀ-ում մրգի արտադրման հնարավորությունները, բերքահավաքի կազմակերպման, բերքի արդյունավետ պահպանման, տեղափոխման եւ իրացման միջազգային փորձը` «ՍՊԱՅԿԱ»-ն ընդլայնել է իր գործունեության շրջանակը` ներգրավվելով Հայաստանում թարմ մրգի մթերման, եվրոպական չափանիշներին համապատասխան տեսակավորման ու փաթեթավորման, ինչպես նաեւ արտահանման ծավալների ավելացման գործընթացին:

Ընկերությունը մշակել եւ իրականացնում է ՀՀ-ից թարմ մրգի արտահանման կազմակերպման ամբողջական նեդրումային ծրագիր, որը ենթադրում է` մրգատու այգիների բերքատվության բարձրացման համալիր միջոցառումների իրականացում` ֆերմերներին եւ խորհրդատվական, եւ ֆինանսական աջակցության տրամադրում, մեծածավալ գնումներ գյուղացիական տնտեսություններից ու մթերման կազմակերպում սեփական տրանսպորտային միջոցներով: Ընկերության կողմից կվերահսկվի մթերքի որակը, կտեսակավորվի եւ կփաթեթավորվի` միջազգային ստանդարտներին համապատասխան, կկազմակերպվի նաեւ մթերքի արագ եւ ապահով տեղափոխում ԱՊՀ եւ ԵՄ երկրներ:

Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում վերջին 5 ամիսների ընթացքում արդեն իսկ ներդրվել է ավելի քան 12,5 միլիոն դոլար: Ձեռք են բերվել սառնարանային ագրեգատներով հագեցած Volvo մակնիշի 60 բեռնատարներ, փաթեթավորման արկղերի արտադրության գերմանական հոսքագծեր, մրգի մեծածավալ տեսակավորման եւ փաթեթավորման իտալական հոսքագծեր, ավարտին է մոտենում 12 հազար քմ մակերեսով սառնարանային համալիրի կառուցումը:

Կ. Բաղդասարյանի խոսքով, ՀՀ-ից թարմ մրգի արտահանման կազմակերպման ամբողջական ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունը համագործակցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ. վերջինս իրականացրել է ներդրումային ծրագրի ավելի քան 90 տոկոսի ֆինանսավորումը` վարկի տեսքով: «Թարմ մրգերի մեծածավալ մթերման շրջանակներում մեր ընկերությունը մինչեւ 50 տոկոս կանխավճար է տրամադրել Արարատի, Արմավիրի մարզերի տասնյակ գյուղերի ավելի քան 600 գյուղացիական տնտեսությունների` հողագործական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով»,- ասաց ընկերության զարգացման գծով խորհրդատուն` հավելելով, որ «Հազարամայակի մարտահրավերներ Հայաստան» հիմնադրամի «Ջրից դեպի շուկա» ծրագրի փորձագետների հետ համատեղ ստեղծվել են գյուղացիական աշխատանքների արդյունավետ կառավարման խորհրդատվական խմբեր, որոնք պարբերաբար դասընթացներ են անցկացնում համայնքներում եւ գնահատում են ակնկալվող բերքի որակը:

Նրա հավաստմամբ, այս տարի արվելու է ամեն ինչ, որ հայկական ծիրանը լինի նաեւ ԱՄՆ-ում: «Ջրից դեպի շուկա» ծրագրի փորձագետ Արա Հովհաննիսյանի գնահատմամբ` «ՍՊԱՅԿԱ»-ի հետ համագործակցությունը առաջին անգամ իրական մարտահրավերներին պատասխան տալու փորձ է: Ըստ նրա` ներդրումային ծրագիրը գյուղատնտեսության զարգացման առումով իրատեսական է. այն ոչ միայն նախատեսում է եղած մրգերի արտահանում, այլեւ Հայաստանում այդ ճյուղերի զարգացում:

«Եթե ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կային 54 հազար հա պտղաբուծական տարածքներ եւ 36 հազար` խաղողագործական, ապա սեփականաշնորհման տարիներին` ռեֆորմների արդյունքում, շատ տնկարքներ ոչնչացան: Այսօր այդ երկու ճյուղերից պահպանվել է մոտավորապես 60 տոկոսը»,- ասաց փորձագետը` չժխտելով նաեւ այն փաստը, որ վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի շնորհիվ այդ երկու ճյուղերում կա որոշ տեղաշարժ եւ բարելավում: «ՍՊԱՅԿԱ» ընկերության իրավաբանական բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով, ԱՊՀ եւ Եվրամիության երկրներում իրացման ցանցերի ստեղծման, մշակման եւ զարգացման շնորհիվ այս տարի նախորդ տարվա համեմատությամբ նախատեսվում է 20 տոկոսով ավելացնել Հայաստանից այդ երկրներ մրգի եւ բանջարեղենի արտահանման ծավալները:

«Այդ նպատակին հասնելու համար ներկայումս ՌԴ-ի խոշոր առեւտրային ցանցերի` սուպերմարկետների, հիպերմարկետների հետ կնքվել են ապրանքի մեծաքանակ մատակարարման պայմանագրեր»,- տեղեկացրեց իրավաբանը: Նշենք, որ ընկերությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել ԱՊՀ տարածքում գործող մանրածախ խոշոր ցանցերի հետ` 2010թ-ին ավելի քան 10 հազար տոննա հայկական թարմ միրգն ու բանջարեղենը եվրոպական փաթեթավորմամբ ԱՊՀ շուկաներում վաճառելու վերաբերյալ: Ծրագրի հաջող մեկնարկի արդյունքում նախատեսվում է 450 նոր մշտական եւ ավելի քան 1500 սեզոնային աշխատատեղերի ստեղծում:

Դիտվել է 1810 անգամ:
Print Friendly

Leave a Reply