Մայրության նոր դպրոցը ողջունում էՀրազդանի հղի կանանց

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2010 16:43


Հրազդան, Կոտայքի մարզ – Ի նշանավորումն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ին ԱՄՆ ՄԶԳ Մոր և մանկան առողջության բարելավման ծրագիրը (ՆՕՎԱ 2) բացեց Մայրության նոր դպրոց Հրազդանի բժշկական կենտրոնում: Նոր դպրոցի բացումը կապված է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված ՆՕՎԱ ծրագրի հաջողությունների հետ, որը ստեղծեց մայրության 13 դպրոց Հայաստանի տարբեր շրջաններում 2008-2009թթ. ընթացքում: Ստեղծվելուց կարճ ժամանակ անց մայրության դպրոցները բավական հայտնի դարձան ոչ միայն հղի կանանց շրջանում, ովքեր ցանկանում են տեղեկություններ իմանալ հղիությանն ու ծննդաբերությանն առնչվող հարցերի շուրջ, այլև բուժաշխատողների շրջանում, ովքեր մայրության դպրոցների միջոցով հնարավորություն ունեն ավելի լավ պատրաստել ապագա մայրերին ծննդաբերության և նորածնի խնամքի համար:

ՀՀ կառավարության Հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված հղի կանանց համար նախատեսված անվճար հինգ դասերի միջոցով մայրության դպրոցը տրամադրում է կանանց խորհրդատվություն, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն ծննդաբերությանը, տեղեկություններ ծննդաբերության ընթացքի, հղիության ընթացքում առողջ ապրելակերպի կարևորության և հետծննդյան շրջանի վերաբերյալ: Նաև խրախուսվում է ապագա հայրերի մասնակցությունը` հղիության և ծննդաբերության վերաբերյալ ընդհանուր գաղափար կազմելու և կնոջն աջակցելու նպատակով:

ԱՄՆ ՄԶԳ/ՆՕՎԱ 2-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների, վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների որակի բարելավման աշխատանքներում` բուժաշխատողների վերապատրաստման, բուժհաստատությունների ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավման, որակի ապահովման համակարգի ամրապնդման, կառավարման և վերահսկման ընդհանուր համակարգի բարելավման միջոցով, ինչպես նաև համախմբելով և կրթելով համայնքները, կանխարգելման և բուժծառայությունների դիմելու վարքագծի ձևավորման նպատակով: Ծրագրի աշխատանքները միաժամանակ ընթանում են համայնքային և բուժծառայությունների տրամադրման մակարդակներում` նպատակ ունենալով բարելավել բուժծառայությունների որակն ու հասանելիությունը և ապահովել բարելավումների կայունությունը: Ծրագիրն աշխատում է Իջևանի, Ստեփանավանի, Մարտունու, Հրազդանի և Ախուրյանի շրջաններում:

ԱՄՆ ՄԶԳ/ՆՕՎԱ 2 ծրագիրն իրականացվում է միջազգային կազմակերպությունների խմբի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության, առողջապահության մարզային վարչությունների, առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների և ընտրված տեղական հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply