Մեկնարկել են միասնական-ավարտական քննությունները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2010 12:50

Այսօր առավոտյան ՀՀ և ԼՂՀ 15 քննական կենտրոններում մեկնարկեցին միասնական ավարտական քննությունները աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից:

Քննության ընթացքին Երևանի թիվ 20 դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևում էին լրագրողները և ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Այստեղ կենսաբանություն առարկայից քննություն էր  հանձնում 327 դիմորդ /13 մարդ այսօր չէր ներկայացել քննությանը/:

Խաչատրյանի խոսքով՝ քննական կենտրոնները քիչ են, քանի որ այս առարկաներից քննություն հանձնողները սակավաթիվ են: Կենսաբանությունից այսօր քննություն է հանձնում 1763, ընդհանուր պատմությունից՝ 512, աշխարհագրությունից՝ 317 դիմորդ:

Թեստերը բացվեցին ներս հրավիրված մի քանի ծնողների և լրագրողների ներկայությամբ՝ քննասենյակի առաջին շարքում նստած դիմորդների կողմից:

Քննական գրավորի համար դիմորդ-շրջանավարտներին հատկացվում է 3 ժամ ժամանակ: Իսկ գնահատականները պարզ կդառնան 2 օրվա ընթացքում:

Արդեն քննության մեկնարկից հետո դիտորդները և ծնողները քննությանը հետևում են դպրոցի միջանցում տեղադրված էկրաններից:

Այստեղ իսկական եռուզեռ է. ծնողները սրտատրոփ փորձում են էկրաններից գտնել իրենց երեխաներին:

Սպասող ծնողներից Մարիետա Խաչատրյանն այդպես էլ չկարողացավ էկրանի վրա գտնել իր աղջկան, ով Մանկավարժական համալսարան  է դիմել: Սակայն նա իրավիճակն ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում. «Աղջկաս համար էլ  հանգիստ եմ, քննության մտնելուց վստահ էր»:

Քննասենյակում գտնվող թոռնուհուն սպասող մի տատիկ, սակայն, դժգհոհ էր իրավիճակից. «Ամբողջ դպրոցում մի հատ բարձրախոս չկա՞ր, որ երեխաների անունը հայտարարեին ներս  կանչելու ժամանակ. անուները չէր լսվում: Էկրանի կադրերն էլ վատ են, երեխաների դեմքերը չեն երևում՝  պատկերը լղոզված է»:

Էկրաններից պատկերվող ընդհանուր պլանի կադրերը բոլոր ծնողների քննարկման առարկան էին: Ոմանք նշում էին, որ  իրենց երեխան հատուկ աչքի զարնող գույնի շոր է հագել, որպեսզի հնարավոր լինի գտնել նրան էկրանի վրա: Իսկ իրենց երեխաներին տեսած ծնողներն էլ հապշտապ զանգում էին ու հարազատությանը տեղեկացնում, թե ինչպիսին է իրավիճակը:

ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկայնը, սակայն, նշում է, որ տեսախցիկները և մոնիտորները կոչված են տեսաձայնագրելու քննության ընթացքը և տիրող իրավիճակը, ինչպես նաև հնարավորություն տալու, որ դիտորդները և ծնողները հետևեն քննության ողջ ընթացքին. «Հնարավոր չէ ամեն երեխայի դեմքի արտահայտությունը պատկերել  էկրանին, որ ծնողները գոհ լինեն, բացի այդ՝ եթե տեսախցիկները շարժական լինեն, դա կշեղի երեխաներին»:

Դիտվել է 2023 անգամ:
Print Friendly

Leave a Reply