Քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2010 12:34

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նիստի սկզբում ՏՏԶԱԽ անդամներին ներկայացվել են խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականների կատարման ընթացքը, որից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը։

Խորհրդի անդամներին զեկուցվել է «Արմթեք-2010» համաժողովի կազմակերպման խնդիրների մասին։ Ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգի էությունը։ Վարչապետը կարեւորել է էլեկտրոնային կառավարման խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի հայեցակարգի իրականացման մեխանիզմների հստակեցման խնդիրներով։

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հանդես է եկել երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման ու ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության խնդրի մասին վերլուծական զեկույցով։ ՏՏԶԱԽ անդամները քննարկել են «Երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության եւ նպատակահարմարության հարցը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի եւ կներկայացնի գրավոր առաջարկություններ օրենքի իրականացման ընթացակարգերի հստակեցման եւ բարելավման վերաբերյալ։

Խորհրդի անդամներն անդրադարձել են նաեւ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջեւ տրաֆիկի փոխանակումը կանոնակարգելու, մասնավորապես, ինտերնետ տրաֆիկի փոխանակման կենտրոնի հիմնադրամի ստեղծման խնդիրներին։

Դիտվել է 1627 անգամ:
Print Friendly

Leave a Reply