ՀՀ Ազգային ժողովում գումարվեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Պաշտոնական, Օրվա լուր | | May 31, 2010 20:26

Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի առաջին արտագնա նիստը:

Մինչեւ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամները ԱԺ այգում ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նիստում նախագահում էր ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը: Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները:

Բացման խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով ՀՀ Ազգային ժողովում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի մասնակիցներին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանըն նշեց, որ այսօր, երբ առավել հստակ են ի հայտ գալիս նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, կոլեկտիվ անվտանգության համակարգի ձեւավորումն առավել արդիական է դառնում ՀԱՊԿ անդամ երկրների ազգային շահերի պաշտպանության համար։ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանում խորհրդի արտագնա նիստի անկացման մասին որոշումը պատահական չէր։

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որն իրենից ներկայացնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ առանցքային ոչ տարածաշրջանային պետությունների կենսական նշանակության հետաքրքրությունների բարդ եւ խճճված հանգույց։ Նա նշեց, որ այսօր տարածաշրջանային գործընթացները ծայրահեղ վտանգավոր են, եւ դրանք գլոբալ խաղացողների ոչ գիտակից գործողությունների դեպքում կխաթարեն խաղաղությունը։ ԱԺ նախագահը նշեց, որ գերտերությունների վարքագիծը տարածաշրջանի փոքր երկրների հանդեպ, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, պետական եւ ազգային շահերի անտեսման դեպքում, կարող է խաղալ դետանատորի դեր, որն ընդունակ է տարածաշրջանը վերածելու բոցկլտացող խարույկի՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Հովիկ Աբրահամյանի խոսքերով Հայաստանը, որ ակամա հայտնվել է տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծման հանգուցակետում, այսօր կանգնած է կարեւորագույն ընտրության առջեւ՝ չզիջել սեփական շահերը եւ միեւնույն ժամանակ՝ չդառնալ ներտարածաշրջանային քաղաքական սրացումների պատճառ։ Ըստ Հովիկ Աբրահամյանի, այդ պատճառով էլ Հայաստանին հատկապես հետաքրքրում է «Եվրոպական անվտանգության պայմանագրի» ռուսական նախագիծը, որը ներառված Երեւանյան նիստի օրակարգում։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սատարում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը, որովհետեւ այս փաստաթղթի ընդունումը նշանակում է Եվրաատլանտիկայում անվտանգության ամբողջական տարածքի ստեղծում, որտեղ անդամ բոլոր պտությունների համար ապահովված կլինեն հավասար անվտանգություն եւ ոչ մի երկրի իրավունք չի տրվի ապահովելու իր անվտանգությունն ի հաշիվ մյուսների անվտանգության։ Նա նաեւ նշեց, որ ՀՀ անհրաժեշտ է համարում, որպեսզի այս փաստաթղթում ամրագրված լինի հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղ կարգավորման միասնական մոտեցում, ընդ որում՝ բացառապես բանակցային հիմունքներով, այսինքն խաղաղ ճանապարհով։

ԱԺ նախագահը համոզմաունք հայտնեց, որ այսօր ՀԱՊԿ-ը, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակում, խաղաղության եւ կայունության ռեալ գործոն է ու Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ի հուսալի գործընկերներից եւ դաշնակիցներից մեկը՝ ակտիվորեն մասնակցում է նրա գործունեությանը։ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ն վավերացրել է կազմակերպության շրջանակներում ստորագրված միջազգային 31 պայմանագրերից 30-ը։ ՀԱՊԿ-ն այսօր ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ ունիվերսալ կառույց է, որը հաջողությամբ գործակցում է այլ միջազգային կազմակերպությունների հետ եւ պաշտպանում է տարբեր մակարդակներում իր անդամների համաձայնաեցված դիրքորոշումները՝ գլոբալ անվտանգության հարցերում։

ԱԺ նախագահի դիտարկմամբ, արդի մարտահրավերների եւ սպառնալիքների հանդեպ միասնական արձագանքման կարեւոր մեխանիզմ է նաեւ անդամ երկրների համար կարեւոր արտաքին քաղաքականության հարցերի քվեարկության շուրջ համաձայնեցված դիրքորոշումը միջազգային խորհրդարանական այնպիսի կառույցներում՝ ինչպիսիք են ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ ԽՎ-ն եւ խորհրդարանական այլ վեհաժողովները: Ըստ ԱԺ նախագահի, ՀԱՊԿ-ի կարողությունների անշեղ աճը հատկապես բարձրացնում է խորհրդարանների դերակատարությունը, որի շնորհիվ բոլոր ուղղություններով իրականացվում է կազմակերպության նորմատիվ-իրավական գործունեության ապահովումը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահը արդյունավետ գնահատեց 2008 թվականին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ նվիրված Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրությանը։ Նրա գնահատմամբ, դա պատգամավորական աշխատանքի կարեւոր մասն է, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ-ի անդամ երկրների պատգամավորներին լավագույնս տիրապետել ՀԱՊԿ-Ի տարածքի կոլեկտիվ անվտանգության իրական պատկերին, ժամանակին արձագանքել եւ մշակել ընդհանուր օրենսդրական մոտեցումներ՝ անվտանգության խնդիրների լուծման համար։ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նիստը կդառնա ոչ միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքում կարեւորագույն քայլ խաղաղության եւ անվտանգության ամրապնդման, այլեւ միջազգային անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման գործում։

ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը տեղեկացրեց, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի պատվիրակությունը չի մասնակցելու նիստին այդ երկրի ներքաղաքական իրավիճակի պատճառով:

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը քննարկեց եւ հաստատեց նիստի օրակարգում ընդգրկված 15 հարցերը, այնուհետեւ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալի պաշտոնում հաստատեց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը` եվրոպական անվտանգության պայմանագրի նախագիծը համատեղ ուժերով կյանքի կոչելու վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ 2008 թ. հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահը եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակն է ռազմաքաղաքական անվտանգության ոլորտում ստեղծել եվրո-ատլանտյան միասնական տարածություն, որպեսզի վերջնականապես ձերբազատվեն «սառը պատերազմի» ժառանգությունից: Այդ նպատակով ՌԴ նախագահը առաջարկել է միջազգային իրավունքում արձանագրել անվտանգության անբաժանելիության սկզբունքի վերաբերյալ նորմ, ըստ որի` եվրոատլանտյան տարածաշրջանում ոչ մի երկիր կամ կազմակերպություն չի կարող ամրապնդել իր անվտանգությունը ի հաշիվ այլ երկրների կամ կազմակերպությունների:

Ռուսական կողմը եվրոպական անվտանգության պայմանագիր է մշակել, որը ուղարկվել է եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների ղեկավարներին ու կազմակերպություններին` քննարկելու եւ համապատասխան կարծիքներ ու առաջարկներ ներկայացնելու համար:

Ըստ պայմանագրի` անդամ երկիրը չի կարող այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կվնասեն մյուս անդամների անվտանգությանը, անդամ երկիրը չի թույլատրում օգտագործել իր տարածքը եւ ինքն էլ իր հերթին չի օգտագործում անդամ այլ երկրի տարածքը զինված հարձակման նպատակով: Պայմանագրում անդամ երկրներին տեղեկատվության փոխանակման իրավունք է տրվում զինված հարձակման կամ դրա վտանգի դեպքում:

Պարոն Բորդյուժան անդրադարձավ նաեւ Ղրղզստանում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ որպես ՀԱՊԿ-ի անդամ երկրի` առաջարկեց աջակցել նրան ներքաղաքական կայունացման գործում` չմիջամտելով նրա ներքին խնդիրներին: ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրներն էլ շահագրգռված են, որ Ղրղզստանում հաստատվեն օրինական իշխանություններ միջազգային իրավական նորմերին համապատասխան:

ՌԴ Պետդումայի անվտանգության կոմիտեի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վասիլեւը խոսեց ՀԱՊԿ-ի անդամ երկրների էներգետիկ անվտանգության եւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման խնդիրների վերաբերյալ, իսկ ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Ախան Բիժանովը ներկայացրեց 2010 թ. ընթացքում ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ղազախստանի Հանրապետության կատարած աշխատանքները այդ կազմակերպության հեղինակությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Վերջինս անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանների համագործակցությանն ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովիում միջազգային կարեւոր ու օրախնդիր հարցերին վերաբերող քննարկումներին ակտիվորեն մասնակցելու անհրաժեշտությանը:

ՀԱՊԿ ԽՎ-ի սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Իգնատի Միսուրագինը ամփոփեց «ՀԱՊԿ-ի անդամ երկրների ռազմական ոլորտի գործունեությունն ապահովող օրենսդրության ներդաշնակեցման» վերաբերյալ միջազգային գիտագործնական համաժողովի արդյունքները, իսկ ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը անդրադարձավ մատաղ սերնդին ժողովուրդների հերոսական անցյալի, մասնավորապես 1941-1945թթ. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրինակով դաստիարակելու, այդ թեմաները ՀԱՊԿ-ի անդամ երկրների դրպոցական ծրագրերում ընդգրկելու եւ դրանք դասավանդելու անհրաժեշտությանը:

ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղարի տեղակալ Դմիտրի Շիլոն հաշվետվություն ներկայացրեց 2010 թ. մարտի վերջերին Բանգկոկում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 122-րդ Վեհաժողովին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության մասնակցության ու արդյունքների վերաբերյալ:

Նիստում քննարկվեցին եւ հաստատվեցին Բելառուս – Ռուսաստան միության Խորհրդարանական ժողովին ՀԱՊԿ ԽՎ- ում դիտորդի կարգավիճակ տալու, ՀԱՊԿ ԽՎ-ի փորձագիտական խորհուրդը ընդլայնելու, նոր մասնագետներ ներգրավելու հարցերը:

ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը ներկայացրեց ՀԱՊԿ ԽՎ-ի ֆինանսական գործունեությունը եւ հաջորդ խորհրդի նիստի օրակարգը:

Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի բոլոր մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Դիտվել է 1740 անգամ:
Print Friendly

Leave a Reply