ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովի մամլո ասուլիսը Ազգային ժողովում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Պաշտոնական, Օրվա լուր | | May 31, 2010 20:19

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի առաջին արտագնա նիստի աշխատանքներն ամփոփվեցին ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովի մամլո ասուլիսում: Նա նշեց, որ առաջին անգամ ՀԱՊԿ ԽՎ անդամ երկրների կողմից միասնական որոշում է կայացվել խորհրդի արտագնա նիստ անցկացնել այլ երկրում, ոչ թե Սանկտ Պետերբուրգում, ինչը, ըստ պարոն Գռիզլովի, շարունակական պետք է լինի: Խորհրդի նիստում քննարկվել են բովանդակային եւ կազմակերպական բնույթի 15 հարցեր, որոնցից պարոն Գռիզլովն առանձնացրեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած Եվրոպական անվտանգության վերաբերյալ նոր պայմանագիր ունենալու նախաձեռնությունը: «Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի անվտանգությունը հնարավոր չէ կառուցել այլ պետությունների շահերը սահմանափակելու հաշվին, Եվրոպայի ողջ տարածաշրջանը, անկասկած, պետք է լինի համընդհանուր անվտանգության պայմաններում»,- ասաց Բորիս Գռիզլովը: Խորհրդի բոլոր անդամներն աջակցել են այդ նախաձեռնությանը: «Մենք փորձեցինք մեր գործընկերներին, ովքեր եվրոպական երկրներից են, ապացուցել, որ անվտանգության հարցերում այդ մոտեցմամբ պետք է կառուցենք մեր փոխհարաբերությունները»,- հավելեց ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը: Տեղեկացվեց, որ որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում` հոկտեմբերի 27-ին կամ 28-ին: Հաջորդ նիստի օրակարգային 8 հարցերն արդեն որոշվել են, առաջարկվել է մասնակից պետություններին մշակել հարցեր` օրակարգը լրացնելու համար: Նախատեսվում է հաջորդ նիստում քննարկել 15-20 հարց: Այնուհետեւ պարոն Գռիզլովը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողի հարցին ի պատասխան ` ՌԴ Պետական դումայի նախագահը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը սարերի հետեւում չէ: Ըստ պարոն Գռիզլովի` հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը շատ զգայուն է, բայց ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ: «Ես ահագին ժամանակ եմ տրամադրում ծանոթանալու համար այդ իրադրությանը եւ կարող եմ ասել, որ այսօր արդեն նկատվում են բավականին հստակ եւ հասկանալի քայլեր հակամարտության լուծման հարցում»,- ասաց պարոն Գռիզլովը: Նա հավելեց, որ առաջիկայում կա իրավիճակի կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացնելու հեռանկար, որը կվերաբերի եւ ԼՂ կարգավիճակին, եւ հարակից տարածքներին: Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, ըստ որի մայիսի 23-ին ԼՂ խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով Մոսկվայից ժամանած 5 ռուս պատգամավորները անցանկալի անձ են հայտարարվել, պարոն Գռիզլովը բացասաբար է վերաբերվում: «Պատգամավորները ՌԴ Պետական դումայի պաշտոնական պատվիրակությունը չեն ներկայացրել: Եվ, որքան ես տեղյակ եմ, ԼՂ տարածքում ներկա են եղել ավելի քան 100 դիտորդներ տարբեր երկրներից: Եվ Ադրբեջանի ԱԳՆ-ի որոշմանը, հատկապես ռուս պատգամավորներին վերաբերող, իհարկե ես բացասաբար եմ վերաբերվում»,- ընդգծեց նա:

Դիտվել է 1826 անգամ:
Print Friendly

Leave a Reply