Հատուկ դպրոցներին` հատուկ ուշադրություն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2010 17:32

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում  մշտադիտարկում  իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի  ձևավորման  և  գործունեության կարգը»: Համաձայն կարգի` խումբը գործելու է հասարակական հիմունքներով, և խորհրդի անդամն ընդգրկվելու է խմբի կազմում հինգ տարի ժամկետով. այս մասին հաղորդում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել հաստատություններ, անհրաժեշտության դեպքում  ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը, սովորողների անձնական գործերին, հաստատության պայմաններին, ինչպես նաև հանդիպել հաստատության աշխատակիցների և սովորողների հետ: Խմբի անդամները կարող են առանձնազրույց ունենալ սովորողի հետ` հոգեբանի  կամ մանկավարժի պարտադիր մասնակցությամբ:

Համաձայն կարգի` մշտադիտարկումն իրականացվելու է հաստատություններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների, ուսումնասիրությունների և դիտարկումների հիման վրա `ՀՀ կրթության և գիտության նախարարին  ընթացիկ, տարեկան և հրատապ հաշվետվություններ ներկայացնելու ձևով, որոնց կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել երեխաների իրավունքների խախտման, խմբի լիազորությունների իրականացմանը՝ հաստատությունների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունները ներկայացվելու են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր հաստատության գործունեությունը, հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն:

Հրատապ հաշվետվություններում ներկայացվելու են հաստատություններում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է  պաշտոնական    մեկնաբանություններ:

Մշտադիտարկման լիարժեք իրականացման նպատակով խումբը տարվա մեջ
առնվազն երկու անգամ այցելելու է բոլոր հաստատություններ: Նախատեսվում է կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթաց, որը պարտադիր է լինելու խմբի յուրաքանչյուր անդամի համար: Խմբի անդամները հաստատություններ կարող են  այցելել  ցանկացած օր և ցանկացած ժամի (այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` առանց նախազգուշացման:

Այցելությունները կատարվելու են խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի դիտորդական խմբի խորհրդի անդամ: Հաստատություն այցելող խմբում պետք է ընդգրկված լինեն առնվազն երկու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply