Հայաստանում ծխող է չափահաս բնակչության 27 տոկոսը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2010 15:38

Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան 5 միլիոն մարդ մահանում է ծխախոտի օգտագործման հետևանքով, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված: Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում)` ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:

2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության (16 տարեկանից սկսած) 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է. տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց  (20-ից բարձր) 57.7%ը ծխող է: Ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է տղամարդկանց շրջանում այն հիվանդություններով հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:

Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են: Առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի (ավելի բարձր) և մարզերում բնակվող կանանց շրջանում:

Ծխելու դեմ պայքարը երկրի առողջապահության գերակա խնդիրներից է: Այս տարի ՀՀ կառավարությունը հաստատեց  «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը», որը նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Ծրագրի նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով: Առաջարկվող ռազմավարությունները, գործողությունները և միջոցառումները հիմնված են միջազգային առողջապահական կազմակերպությունների (մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության), եվրոպական երկրների փորձի, մոտեցումների և առաջարկությունների, ինչպես նաև նախորդ տարիներին Հայաստանի կուտակած, հակածխախոտային ոլորտում իրականացված աշխատանքների փորձի վրա` հաշվի առնելով մեր երկրի առկա հնարավորությունները, ազգային առանձնահատկությունները, գործող օրենսդրությունը և այլն:

Տեղեկություններն ըստ www.moh.am-ի

Դիտվել է 1971 անգամ:
Print Friendly

Leave a Reply