Թաքնված մարդասպանը` գլանակի տեսքով

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 31, 2010 15:09

Ծխող կնոջ սեքսուալության մասին դեռևս Ֆրեյդն էր խոսում. ըստ նրա` սիգարը (նրա ժամանակ սիգար էին ծխում) կնոջ ձեռքին ֆանտաստիկ տեսք ունի: Իզուր չեն հայտնի նկարիչներն ու լուսանկարիչները հենց գլանակը ձեռքին կանանց կերպարներ սիրում: Չէ՞  որ այդ կերպ կարողանում են մի տեսակ վայրիություն ստեղծել: Բայց  գեղեցիկ սեռի ամեն ներկայացուցիչ չէ, որ իրեն թույլ կտա զոհաբերել առողջությունը վայրի գեղեցկությանը: Երևի չարժի էլ: Չարժի նաև ծխելն օգտագործել  հասուն և  առաջադեմ  երևալու համար, քանի որ երևույթը ժամանակավրեպ է այնքանով, որքանով որ այսօր արդեն աշխարհի պահանջը առողջ ապրելակերպն է: Մի խոսքով, ծխելն այլևս ինքնահաստատման գործոն չէ, ուղղակի մարդկանց մեծ մասը ծխում է, որովհետև այն վերածվել է սովորության, ավելի ճիշտ` կախվածության:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ  հակածխախոտային պայքարը ծավալվել է դեռ 50 տարի առաջ: Երևույթը սկիզբ է առել ԱՄՆ-ից և տարածվել Եվրոպայում: Հակածխախոտային պայքարի մեկնարկից ի վեր այս երկրներում փոփոխությունը նկատելի է. 50 տարվա ընթացքում ԱՄՆ-ում ծխողների թիվը մոտ  70 տոկոսից նվազել  և  այսօր հասել  է 20-22 տոկոսի, որը,  սակայն, տարիներ շարունակ մնում է  անփոփոխ: «Այս ցուցանիշը  քարոզչությանը չհետևող մարդկանց անտարբերության հետևանք է, որոնց չի հետաքրքրում կարիերան, նրանք ծույլ են ու  դատողությամբ ցածրակարգ: Իրեն հարգող մարդը չի զբաղվի ինքնաթունավորմամբ»,-ասում է  «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամի  նախագահ Դավիթ Պետրոսյանը:  Աշխարհի օրացույցում  մայիսի 31-ը  համարվում է Հակածխախոտային պայքարի համաշխարհային  օր: Ամեն տարի այդ օրը  Առողջապահության համաշխարհային  կազմակերպությունը նշում է յուրովի:  Օրինակ`  եթե նախորդ տարիներին պայքարն ուղղված էր սպորտը, կինոն և նորաձևությունը ծխախոտից ձերբազատելուն, ապա այս տարի  պայքարի սլաքն ուղղված է կանանց կողմը, այն էլ ծաղրանկարների միջոցով, որոնց ցուցադրությունը տեղի կունենա Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Շեշտադրվելու է խնդրի անցանկալի հետևանքը, սարկազմի լեզվով   վեր է հանվելու երևույթի  թվացյալ գեղեցիկ կողմը: «Շատ  հաճախ կանանց թվում է, թե ծխելիս գեղեցիկ են և հմայիչ: Մինչդեռ տղամարդուն գրավելու այս մոտեցումը չի բխում նրանց շահերից»,-խորհրդի կարգով զգուշացնում է  Դավիթ Պետրոսյանը:

Ի գիտություն, բժիշկները եկել են այն եզրակացության, որ ծխախոտը ոչնչի ավելի չի սպառնում, որքան կնոջ գեղեցկությանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հակածխախոտային պայքարի ճիշտ մոտեցումը մարդկանց  սովորեցրեց հարգել չծխողի իրավունքը: Երևույթի դեմ պայքարը մտավ օրենքի դաշտ. ռեստորաններում, սրճարաններում և այլ հասարակական վայրերում արգելվեց ծխելը: «Օրինակ` Իռլանդիայում, երբ  գարեջրային ակումբներում ծխելն արգելվեց, դրանց սեփականատերերը սկսեցին մեծ շահույթով աշխատել, քանի որ մինչ այդ ծխախի ծուխը վանում էր չծխողների հոծ բանակին »,-տեղեկացնում է  բժիշկը: Ավելին, զարգացած երկրներում  ծխախոտ արտադրող կազմակերպություններն այժմ  արտադրանքը սպառելու խնդիր ունեն: Օրինակ` ԱՄՆ-ում ծխախոտ վաճառողները  զրկված են գովազդի միջոցներից:

Պարզվում է, որ աղքատությունն ու ծխելու սովորությունն անմիջական կապ ունեն. որքան երկիրը աղքատ է, այնքան ծխողների թիվը մեծ է: «Հարուստի համար մի տուփ ծխախոտի գումարը խնդիր չէ: Բայց հարուստը  գիտակցաբար գումար չի ծախսում իրեն թունավորելու համար»,-ասում է բժիշկը: Հայաստանում  ծխող կանանց համեմատ` նկատելի է տղամարդկանց թվի նվազումը: «Մեր երկրում ծխելու հարցում կանանց դաշտը ազատ է: Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում ծխող կանանց թիվը հասնում է երեք տոկոսի: Մարզերում կանայք գրեթե չեն ծխում»,- տեղեկացնում է Դավիթ Պետրոսյանը: Ապացուցված է, որ կանայք ավելի դժվարությամբ են թողնում ծխելը, քան տղամարդիկ: Կանանց հոգեբանական կառուցվածքն այնպիսին է, որ  ավելի դժվարությամբ են բուժվում կախվածությունից: «Միակ բանը, որ կնոջը կարող է հետ պահել ծխելուց, հղիությունն է, որի ժամանակ նա սթափվում  և գիտակցում է մայրանալու առաքելությունը: Սակայն,  երեխայի ծնունդից հետո, մայրերը  շարունակում են ժամանակավոր դադարեցրած  վատ սովորությունը»,- ասում է բժիշկը:

2004 թ. ի վեր մեր երկիրը միացել է Հակածխախոտային պայքարի միջազգային կոնվենցիային: Այդ փաստաթուղթը ստորագրել է աշխարհի 192 երկիր, որոնք պետք է  մշակեն  հակածխախոտային պայքարի օրենքներ: Օրինակ` արգելել ծխախոտի գովազդը, հասարակական վայրերում և դպրոցներում ոչ միայն  չթույլատրել ծխել, այլև  վերացնել հատուկ ծխարանները, բարձրացնել ծխախոտային արտադրանքի ներկրման ու արտահանման մաքսային ծառայությունների հարկերը: Եթե  հինգ տարի առաջ վարորդի ծխելը  սովորական երևույթ էր, ապա այսօր դա արգելված է: Ավելին, արգելված վայրերում ծխելու համար սահմանված է տուգանք:«Փորձը ցույց է տվել, որ այն աշխատավայրերում, որտեղ տնօրենները ծխող են, ծխող կոլեկտիվի նկատմամբ վերահսկողությունը թույլ է: Այս դեպքում ծխող տնօրենը վատ օրինակ է ծխող կոլեկտիվի համար»,- տեղեկացնում է Դավիթ Պետրոսյանը:

Այս տարի մայիսի 31-ին  Առողջության համաշխարհային կազմակերպության հակածխախոտային  ակցիան  մեր երկրում  կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում,  «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամի ու առողջապահության նախարարության «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի, «Հեռանկար» ծրագրի աջակցությամբ, «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամի և Առողջապահության նախարարության կողմից:

Ապացուցվել է, որ  չծխողների համեմատ ծխողները թոքերի քաղցկեղով  հիվանդանում են  հինգ-վեց անգամ ավելի հաճախ,  նիկոտինը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը: Ծխելը  բացասաբար է ազդում մարդու կյանքի որակի վրա, քանի որ  աստիճանաբար վատանում է մարդու ֆիզիկական վիճակը.  տղամարդկանց մոտ առաջանում են սեռական, իսկ կանանց մոտ` մաշկային և կանացի օրգանների  խնդիրներ:

Դիտվել է 1842 անգամ:
Print Friendly

Leave a Reply