Գյումրեցիները` խաղից դուրս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 31, 2010 15:10

Ավարտվեցին հանդբոլի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունները: Կազմակերպիչներն հնարավորն արել էին, որ ստուգատեսը մասնակիցների համար մտապահվի: Եվ  միջոցառման փակման հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր` 228 խաղացողները, որպես նվեր ստացան մարզաշապիկներ, իսկ թիմերին հանձնվեցին հանդբոլի գնդակներ: Մրցանակային երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցնողներին` պատանիների Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի, Ալավերդիի, Արցախի  և աղջիկների Արցախի, Վանաձորի, Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմերին հանձնվեցին մեդալներ: Իսկ չեմպիոն դարձած Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի և Արցախի պատանիների և աղջիկների թիմերի  խաղացողները, որպես լրացուցիչ պարգև, հնարավորություն կունենան հոկտեմբերին մեկ շաբաթ խաղընկերների հետ անցկացնել հանգստավայրում: Ի դեպ, նախապես կանախատեսել որևէ արդյունք, հնարավոր չէր, քանի որ առաջին անգամ 13 տարեկան մարզիկ-մարզուհիները մրցման մասնակցեցին: Ընդ որում, Հայասատանի առաջնությունում առաջին անգամ իրենց կարողությունները փորձեցին Գեղարքունիքի, Ստեփանավանի, Նոր Նոքի այդ տարիքի ներկայացուցիչները: Փոխարենը, պատվիրակներ չէր ուղարկել Գյումրին: Հայաստանի երկրորդ քաղաքում հանդբոլն ավանդույթներ ունեցել է և այժմ էլ այդ մարզաձևի խմբեր կան: Իսկ կատարվածի մեղավորները, ովքեր երեխաներին զրկել են Հայաստանի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, պետք է պատասխանատվություն կրեն: Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ,  Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի  մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը հայտնեց, որ պատանիներն իրենց պատրաստականությամբ ավելի լավ տպավորություն թողեցին, քան աղջիկները: Սակայն ավելի կարևորվեց այն, որ  մասնակցել են մեծ թվով` պատանիների 10 և աղջիկների 9 թիմեր: Իսկ դա նշանակում է, որ մարզաձևն աստիճանաբար Հայաստանում աշխուժանում է, ավելի տարածվում, իսկ մասայականությունը չի կարող արդյունքի չհասցնել:

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply