ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադին հանձնվեց մարտական դրոշ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2010 19:44

Այսօր` Խաղաղապահների միջազգային օրվա, եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով այս տարի առաջին անգամ նշվող ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի օրվա կապակցությամբ բրիգադին հանձնվեց մարտական դրոշ: Ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը մարտական դրոշի հանձնման կապակցությամբ: «Մարտական դրոշը հանձնվում է խաղաղապահ բրիգադին` որպես զինվորական պատվի եւ արիության խորհրդանիշ, որպես հիշեցում զորամասի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի` հայրենիքին ազնվաբար ծառայելու, այն քաջաբար եւ հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը եւ նույնիսկ կյանքը»,-ասված էր ՀՀ նախագահի վկայագրում:

Զորամասի զինծառայողների` Հայաստանի Հանրապետության օրհներգի խրոխտ կատարումից եւ պատվի առնելուց հետո ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովից զինվորական հատուկ արարողակարգով դրոշն ընդունեց բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը: Առ Աստված հղված Տերունական աղոթքով դրոշն օրհնվեց ձեռամբ հոգեւոր հայրերի: Մարտական դրոշն իր «Հանուն հայրենիքի» գրությամբ եւ Հայաստանի Հանրապետության գերբով այսուհետ տեղ կզբաղեցնի զորամասի շտաբում: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ խաղաղապահ բրիգադի 25 զինծառայողներ արժանացան անբասիր ծառայության համար առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի մեդալի, մեկը` Ծովակալ Իսակովի, երեքը` Մարշալ Բաղրամյանի, մեկը` Դրաստամատ Կանայանի, ութը` պատվոգրերի, 53-ը` շնորհակալագրերի:

ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովը շնորհավորեց հայ խաղաղապահներին, ովքեր ծառայություն են իրականացնում հայրենիքում եւ խաղաղարար առաքելություն` Կոսովոյում ու Աֆղանստանում: «Դրոշն ստանալուց հետո դուք իսկական մարտական զորամաս եք դառնում, դուք լավ եք կատարում ձեր խնդիրները տարբեր երկրներում, բայց պետք է հասկանաք, որ ձեր գլխավոր խնդիրը հայրենիքը պաշտպանելն է: Դուք պատրաստ եք դա անել, մենք հավատում ենք ձեզ»,-ընդգծեց գլխավոր շտաբի պետը:

Բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Սիմոնյանը նշեց, որ մարտական դրոշը զինվորական փառքի, պատվի եւ հպարտության խորհրդանիշն է: «Մենք մեր հրամանատարության ձեռքից ընդունում ենք մարտական դրոշը հպարտությամբ, քանի որ զորամասի ստեղծման օրվանից` 2004թ-ից, մեր զինծառայողներն իրենց պսակել են փառքով եւ պատվով, ինչի վկայությունն են տարբեր երկրների քաղաքական եւ զինվորական ղեկավարների շնորհակալական նամակները, բանավոր շնորհակալությունները եւ մեդալները»,-ասաց Ա. Սիմոնյանը: Նրա տեղեկացմամբ` վերջերս գերմանական հրամանատարության կողմից Աֆղանստանում պարգեւատրված 16 խաղաղապահներին մայիսի 28-ին ավելացավ եւս հինգը:

Բրիգադի հրամանատարը զինվորական ղեկավարությանը հավաստիացրեց, որ այսուհետ ավելի կարգապահությամբ կկատարեն իրենց ծառայողական պարտականությունները: Արարողությանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հատկապես այն երկրների դեսպանները, որոնց ուժերի կազմում հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում:

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply