Հսկողություն սահմանային անցակետերում` պոլիոմելիտի մուտքը Հայաստան կախելու համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 28, 2010 21:00

2002թ. ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի մյուս երկրների հետ Հայաստանը հռչակվել է պոլիոմիելիտից զերծ գոտի և այդ կարգավիճակը հաստատվում է ամեն տարի: Համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի` մեր հանրապետությունում երեխաները 6 շաբաթականից սկսած մինչև 14 շաբաթը երեք անգամ ստանում են պոլիոմիելիտի դեմ պատվաստում: 18 ամսականում և 6 տարեկանում նրանք ստանում են լրացուցիչ դեղաչափեր ևս: Բացի այդ, Հայաստանում 2008թ. սեպտեմբերին-հոկտեմբերին իրականացվել են պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումներ` երկու փուլով, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:

Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ 2002 թվականին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը պոլիոմիելիտից ազատ հռչակելուց հետո առաջին անգամ տարածաշրջանում, մասնավորապես` Տաջիկստանում արձանագրվել է վայրի պոլիովիրուսով հարուցված պոլիոմիելիտի բռնկում: Մայիսի 19-ի դրությամբ Տաջիկստանի 68 վարչական տարածքներից 24-ում, որոնք սահմանակից են Աֆղանստանին և Ուզբեկստանին, արձանագրվել է պոլիոմիելիտանման հիվանդության /ՍԹԿ` սուր թորշոմած կաթվածահարության/ 473 դեպք: Արձանագրվել է նաև ՍԹԿ-ից մահվան 16 դեպք:

Մոսկվայի պոլիոմիելիտի ախտորոշման տարածաշրջանային ռեֆերենս լաբորատորիայում հետազոտությունների արդյունքում 129 հիվանդի նմուշներում հայտնաբերվել է վայրի պոլիովիրուսի առաջին տիպը: Նմուշներից անջատված վայրի պոլիովիրուսի գենետիկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Տաջիկստանում արձանագրված վայրի պոլիովիրուսը ծագումով նման է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում շրջանառող վայրի պոլիովիրուսին:

Տաջիկստանում մինչև 6 տարեկանների շրջանում երեք փուլով իրականացվում են զանգվածային պատվաստումներ` պոլիոմիելիտի մոնովակցինայով: Մայիսի 17-ից զանգվածային պատվաստումներ են իրականացվելու նաև Ուզբեկստանում` ընդգրկելով մինչև 5 տարեկան երեխաներին, իսկ Ղրղզստանում` միայն բարձր ռիսկի տարածքներում:

Մտահոգություն կա, որ վարակը կներթափանցի Ռուսաստան: Արդեն ՌԴ արձանագրվել է պոլիոմիելիտի բերովի երկու դեպք` Տաջիկստանից եկած երեխաների մոտ: Եթե Ռուսաստանում պոլիոմիելիտի բռնկում լինի, մեր երկիրը մտահոգվելու առիթ կունենա: Հայաստանում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` այդ դաժան հիվանդությունից մեր երեխաներին հեռու պահելու համար:

Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով սահմանային անցակետերում ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը` Տաջիկստանից և պոլիոմիելիտի առումով անապահով 4 երկրից` Հնդկաստանից, Պակիստանից, Աղվանստանից և Նիգերիայից ժամանող քաղաքացիների նկատմամբ:

Մասնագետներն այդ երկրներից ժամանող մինչև 15 տարեկան երեխաների պատվաստումային կարգավիճակն են ճշտում: Ստուգվում է նաև հանրապետության մինչև 6 տարեկան երեխաների պոլիոմիելիտի դեմ պատվաստումների կարգավիճակը, առնվազն 3 դեղաչափ պատվաստում չունենալու դեպքում հրավիրվում են պատվաստումների:

Եթե նույնիսկ այնպես լինի, որ հարևան երկրներից վարակը մտնի Հայաստան, մեր բնակիչներին այն չի սպառնա, քանի որ մեր երկրում խոցելի խումբը` երեխաները, պոլիոմիելիտի դեմ պատվաստված է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում պոլիոմիելիտի վտանգ չկա: Թեև խուճապի մատնվելու պատճառ չկա, այնուամենայնիվ մասնագետները խորհուրդ են տալիս հետևել երեխաների հիգիենային` հաճախակի լվանալ ձեռքերը և առաջին նշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Տեղեկություններն ըստ www.moh.am-ի

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply