Միասնական-ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 28, 2010 21:32

Հունիսի մեկին ողջ հանրապետությունում կմեկնարկեն միասնականավարտական քննությունները: Քննաշրջանի առաջին օրը բուհերի դիմորդները միասնական քննություն կհանձնեն աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասում է, որ այս տարի քննական պրոցեսում նորամուծություններ կան: Նախ այս տարի ԳԹԿն աշակերտներին կապահովի սև գելային գրիչներով: Բացի այդ` արգելված է լինելու բջջային հեռախոսներով մուտքը քննասենյակ: Եթե որևէ մեկի մոտ բջջային հեռախոս նկատեն, նրան առանց նախազգուշացման կարող են դուրս հանել քննասենյակից: Մանուկյանն ասում է, որ այս տարի քիմիայից քննություն հանձնողները իրենց սեղաններին կունենան Մենդելեևի գունավոր պարբերական աղյուսակ, իսկ մաթեմատիկայից քննություն հանձնողներին հիշեցնում է, որ քննասենյակ կթույլատրվի մտնել միայն պարզագույն թվաբանական գործողություններ կատարող հաշվիչով:

Մանուկյանն ասում է, որ քննություններից հետո թեստերի հետ կապված բովանդակային և տեխնիկական բողոքարկումները կընդունվեն նույն քննական կենտրոնում, որտեղ դիմորդները քննություն են հանձնել: Իսկ ընթացակարգային բողոքարկումները կընդունվեն միայն քննության ժամանակ: Եթե քննության ընթացքում դիմորդը նկատել է որևէ խախտում, կամ առկա է քննությանը խոչընդոտող որևէ հանգամանք, պետք է բողոքարկի նույն պահին:

Դիտվել է 2031 անգամ:
Print Friendly

Leave a Reply