Փոստանջյանն ադրբեջանցի և թուրք պատվիրակներից Հայաստանի դեմ ստորագրություն հավաքելը ճիշտ է համարում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Քրիստինե Վարդանյան | June 29, 2009 20:40
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ անհրաժեշտության դեպքում կրկին կհավաքեր նույն ստորագրությունները, ինչ հավաքել է հունիսի 26-ին՝ Ստրասբուրգում։
Նա՝ որպես հայաստանյան պատվիրակության անդամ, ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթով ներկայացրել է «Ժողովրդավարական հաստատությունների գործառնությունը Հայաստանում» բանաձևի նախագծում իր առաջարկությունները, որոնց համաձայն չեն եղել պատվիրակության մյուս անդամները։ Առաջարկների տակ ստորագրել են Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակություններից մեկական ներկայացուցիչ։
«Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ ասված է, որ առաջարկները երեքն էին՝ կոչ անել Հայաստանի իշխանություններին բանտից ազատել քաղաքական բանտարկյալներին, վերակազմավորել մարտի մեկի փաստահավաք խումբը` ներգրավելով միջազգային մասնագետները, համազեկուցողներից պահանջել, որ նրանք Հայաստան այցելեն մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջան՝ Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույց պատրաստելու համար։
«Իմ հիմնական նպատակներից մեկն էր տապալել ԵԽԽՎ-ում Դավիթ Հարությունյանի գործունեությունը, որ ձգտում է մարտի մեկի գործը փակել,- ասում է Զարուհի Փոստանջյանը,- Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանում, որտեղ հայերի գործերն են քննվում, թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն իրենց դատավորները, էնպես որ, ես արել եմ այն, ինչ իմ ժողովրդի անունից պատվիրակված եմ եղել անելու»։
«Ժառանգության» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ ասաց, որ նախքան Ստրասբուրգ գնալն իրենք կուսակցությունում քննարկել են բոլոր 3 առաջարկներն ու եկել ընդհանուր համաձայնության, որ դրանք պետք է ներկայացվեն ելույթի ընթացքում։ Նա թուրքերից ու ադրբեջանցիներից Հայաստանի դեմ ստորագրություն հավաքելու Փոստանջյանի արարքը քննադատողներին պատասխանեց, որ 2008-ի մայիսի 26-27-ին Կիևում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանն ու Ավետ Ադոնցը կողմ են քվեարկել «Ժողովրդավարական հաստատությունների գործառնությունը Ադրբեջանում» բանաձևի նախագծի համար, որով վերահաստատվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։
Դավիթ Հարությունյանը հաստատեց, որ 2008-ին իրենք կողմ են քվերակել այդ նախագծին, սակայն հիմա ինքը նույն կերպ չէր վարվի. «Այդ ծավալուն փաստաթղթի մեջ, ճիշտ է, կային Ադրբեջանին վերաբերող դրույթներ, բայց իրականում Հայաստանի համար բազմաթիվ դրական առաջարկներ էլ կային»։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է է, որ Փոստանջյանի ներկայացրածի տիպի փաստաթուղթ կարելի էր ստորագրել տալ այնպիսի հարևան երկրի պատվիրակությանը, ինչպիսին այսօր Ֆրանսիայի համար Գերմանիան է, կամ հակառակը, և ոչ իր երկրի հետ հակամարտության մեջ գտնովող պետություններին։
«Չեմ կարող որևէ բան ասել Զարուհի Փոստանջյանի մասնագիտական ու մարդկային որակների մասին,- ասում է քաղաքագետը:-Կարծում եմ՝ քաղբանտարկյալների առկայությունն ու ընդդիմության անուժ լինելն է ստիպում նման քայլերի գնալ»։
Զարուհի Փոստանջանը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել այն անձանց ու լրատվամիջոցներին, ովքեր փաստաթուղթը ստորագրելուց հետո իր հասցեին պիտակներ են կպցրել ու վարկաբեկել։
Փոստանջյանն ասում է, թե ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթեքին Հաջիբեյլին, իր համերկրացիների կողմից ճնշումների ենթարկվելով, հրաժարվել է փաստաթղթի տակ դրած ստորագրությունից:
Ադրբեջանական Day.az-ը հաղորդում է, որ Զարուհի Փոստանջյանն առաջարկել է ադրբեջանցի և թուրք պատվիրակության ներկայացուցիչներին ստորագրել, սակայն ոչ մի խոսք չկա ստորագրելու ու ստորագրությունից հրաժարվելու մասին։






Facebook
Tweet This
Email This Post
