Թուրքիայում տարեկան 200 զբոսաշրջիկներ մահանում են վթարներից, հազարավորներն էլ` վիրավորվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 27, 2010 22:01
Թուրքիայի ցամաքային հաղորդակցության եւ ճանապարհային անվտանգության ընկերության նախագահ Իհսան Մեմիշը հայտարարել է, որ հանգստի համար Թուրքիա ժամանող 200 զբասաշրջիկներ տարբեր պատահարների արդյունքում մահանում են, հազարավորներն էլ` վիրավորվում: Այդ մասին հայտնել է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
«Թուրքիան զբոսաշրջությունից տարեկան մոտ 22 մլրդ դոլար եկամուտ է ստանում: Տարեկան Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը մոտենում է 30 մլն-ի: Դա կազմում է Թուրքիայի բնակչության գրեթե 40 տոկոսը: Տարվա ընթացքում մոտ 1 մլն զբոսաշրջիկ է մշտապես հանգստանում Թուրքիայում: Սակայն, Թուրքիային այդչափ տնտեսական եւ սոցիալական հնարավորություն ապահովող ներուժը հաղորդակցության եւ ճանապարհային անվտանգության հարցում երաշխիք ընդհանրապես չունի: Ըստ վիճակագրության, տարվա կտրվածքով, Թուրքիա ժամանող զբոսաշրջիկներից 200-ը տարբեր պատահարների արդյունքում զոհվում են, իսկ հազարավորներն էլ` վիրավորվում: Ավելի շատ փող վաստակելու մարմաջով պատված զբոսաշրջային ընկերություններն անտեսում են անվտանգության միջոցառումները: Նրանք պետք է ապահովագրեն ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ նրանց փոխադրող վարորդների կյանքը եւ անվտանգ պայմաններ ստեղծեն նրանց բոլորի համար», -ասել է Ի.Մեմիշը:
Ի.Մեմիշի խոսքերով, զբոսաշրջիկների կյանքի անվտանգության ապահովման գործում համատեղ աշխատանքներ պետք է տանեն Թուրքիայի տրանսպորտի, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունները, անվտանգության գլխավոր տնօրինությունը: «Զբոսաշրջության սեզոնին տուրիստներով խիտ ափերին եւ պետական ավտոճանապարհներին հսկողություն կատարող ոստիկաններն ու ժանդարմները պետք է ընտրվեն անգլերեն իմացողներից, որոնք պետք կարողանան տարբեր ծառայություններ մատուցել եւ խորհրդատվություններ կատարել զբոսաշրջիկներին», -հորդորել է Ի.Մեմիշը:






Facebook
Tweet This
Email This Post
