Երեւանում կիրականացվեն շուրջ 1 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2010 21:24

Երեւանում այս տարի շուրջ 1 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Ծրագիրը ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում փողոցներին, մնացածը բակային տարածքներին: Կապիտալ վերանորոգվելու են Դավիթ Անհաղթի, Թամանցիների փողոցները, Թբիլիսյան եւ Աթենքի խճուղիները: Անձրեւային եղանակի պատճառով գարնան սկզբին փոքր ինչ հետաձգված աշխատանքներն այսօր լայն թափով ընթանում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Դրանք արդեն իսկ ավարտված են Գրիգոր Լուսավորչի փողոցում, ուր փոխվել է 1500 քմ ասֆալտե ծածկը, նորոգվել են վթարային դիտահորերը: Չարենցի եւ Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկի հատվածում, Ագաթանգեղոսի, Պարոնյան եւ Խանջյան փողոցներում նույնպես աշխատանքներն արդեն ավարտված են. այստեղ ավելի քան 30 հազար քմ ասֆալտապատում է իրականացվել: Ներկայումս Դավիթ Անհաղթի փղոցում ընթանում են տրամվայի գծերի ապամոնտաժման ու ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Ասֆալտապատում է իրականցվում Կոմիտասի եւ Փափազյան փողոցների միջեւ ընկած, Մերգելյանի անվան ինստիտուտի հարակից Հակոբյան փողոցի բակային տարածքներում, Աջափնյակ համայնքի Ազատ Վշտունու փողոցում, Նորքի 4-րդ զանգվածի կամրջին հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ոսկանյան փողոցում: Քաղաքապետարանն այս տարի ասֆալտապատման նոր տեխնոլոգիա է կիրառում, օգտագործվում են ասֆալտն ավելի երկարակյաց դարձնող նոր նյութեր. այդ մասին աշխատանքային իր վերջին շրջայցի ժամանակ լրատվամիջոցներին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետը:

Վերահսկողական նոր մոտեցում է կիրառվում նաեւ ասֆալտի որակի նկատմամբ: Ասֆալտապատված փողոցները կապալառուների հետ կնքված պայմանագրի համաձայն երաշխիքային երեք տարվա ժամկետ ունեն: Այսինքն, անորակ աշխատանքի դեպքում կապալառուն սեփական միջոցներով պարտավոր է վերացնել դրանք: Նշենք նաեւ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը պատասխանել է «Ուսանողական» այգում կատարվող շինարարության վերաբերյալ ՀՀ մարդու եւ իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գրությանը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ շինարարական աշխատանքների պատվիրատու է հանդիսանում «Էլեգանտ 5» ՍՊ ընկերությունը եւ համաձայնեցված նախագծով նախատեսվում է 1996 թվականից գործող հնաոճ տեսքով սրճարանի արդիականացում` նախկինում տրված հողատարածքի սահմաններում, պահպանելով հողատարածքի գոյություն ունեցող անջրանցիկ կառուցապատման տոկոսը եւ բացառելով որեւէ ծառահատում:

Տաղավարները միահարկ են, առանց նկուղային հարկերի` չշահագործվող հարթ տանիքով: Ընդ որում, Վիկտոր Համբարձումյանի արձանից Աբովյան փողոց ընկած առանցքի երկու կողմում տեղակայված տաղավարների բարձրությունը նախկին 5.3 մետր բարձրությունից կրճատվել եւ հասցվել է 4.3 մետրի, իսկ ծավալների միջեւ հեռավորությունը 4.5 մետրից հասցվել է 10.5 մետրի, որի արդյունքում բարելավվել է Աբովյան փողոցից արձանի տեսանելիությունը: Իսկ Տերյան փող. 74 հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը նշել է, որ շինարարական աշխատանքների պատվիրատու է հանդիսանում «Արմեն» ՍՊ ընկերությունը: Համաձայնեցված նախագծով նախատեսվում է գործող հնաոճ մեկ հարկանի երկթեք տանիքով սրճարանային շենքի քանդում եւ տեղում` նախկին հողատարածքի սահմաններում, նկուղային հարկով եւ մեկ վերգետնյա հարկով, շահագործվող տանիքով սրճարանի կառուցում` պահպանելով տարածքի նախկին անջրանցիկ կառուցապատման տոկոսը: Նախագծով նաեւ բացառվել է նախկինում հետիոտն անցուղու եւ կանաչ հատվածի զբաղեցումը բացօթյա նստատեղերով: Վերը նշված սրճարանների վերակառուցման եւ արդիականացման գործընթացի նպատակով լրացուցիչ հողհատկացումներ չեն կատարվել:

Դիտվել է 1715 անգամ:
Print Friendly

Leave a Reply