Իննսուներկու տարի առաջ, մայիսի 28-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Շաբաթվա լուր | | May 28, 2010 7:31

92 տարի առաջ` մայիսի 28-ին, շուրջ 600 տարի պետականությունը կորցրած Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: Տասնամյակներ անց, ի նշանավորումն այս իրադարձության, Հայաստանի արդեն երրորդ Հանրապետությունը պետական տոնացույցում մայիսի 28-ը հռչակեց Հանրապետության տոն:

Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը ձևավորվեց Հայոց ազգային խորհրդի անդամների եռապատկման սկզբունքով: Այն միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ և ավագների խորհուրդ: Մինչև 1919 թ. կեսերը գործող առաջին գումարման խորհրդարանում խմբակցություն ուներ չորս կուսակցություն: Հայ հեղափոխական դաշնակցությունն ուներ 18 պատգամավոր, Հայ ժողովրդական կուսակցությունը, սոցիալհեղափոխականները և սոցիալդեմոկրատները` 6-ական: Խորհրդարանում կար երկու անկուսակցական: Ազգությամբ հայ 38 պատգամավորներից բացի, ներկայացված էին նաև ազգային փոքրամասնությունները. 6 մահմեդական, 1 ռուս և 1 եզդի:

1919 թ. հայտարարվեց Միացյալ, Անկախ Հայաստանի ակտը, և երկրորդ գումարման խորհրդարանում, իբրև արևմտահայ հատվածի ընտրյալներ, ընդգրկվեց 12 նոր պատգամավ: 80 պատգամավորից բաղկացած այդ գումարման խորհրդարանում դարձյալ մեծամասնություն էր կառավարող

Դաշնակցությունը. Հիշյալ ակտի դրդապատճառներն էին Հայաստանի սահմանների մեծացումը` ներառյալ Կարսի նահանգը, արևմտահայության տարերային հոսքը, կուտակումը սահմանագլխին: Ակտի քաղաքական կողմը դաշնակից պետությունների հետ ներգաղթի մասին բանակցությունների ընթացքում որպես արևմտահայության հարցի լիիրավ ներկայացուցիչ հանդես գալն էր:

Հայաստանի առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարիների ընթացքում հիմնականում դաշնակցականներից կազմավորվեց կառավարության հինգ կաբինետ` վարչապետներ Հովհաննես Քաջազնունու (երկու անգամ), Ալեքսանդր Խատիսյանի, Համազասպ Օհանջանյանի, Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկրում կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին:

Oգոստոսի 11-ին գումարվեց խորհրդարանի առաջին նիստը

Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների խորհրդարանների 90 և 20 ամյակների առիթով, ՀՀ ներկայիս գումարման Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ և Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհրդի որոշմամբ, հրատարակման է պատրաստվել ՙՀՀ պառլամենտի նիստերի արձանագրություններ. 1918-1920 թթ.՚ ժողովածուն: Այն ներառում է արխիվներում պահպանվող, նաև ժամանակին մամուլում հրապարակված նիստերի արձանագրությունները:

Ուշագրավ է այն մթնոլորտը, որում ընթացավ խորհրդարանի 1918 թ. օգոստոսի 11-ի անդրանիկ նիստը: ՙՔաղաքն ուներ սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտոնական շենքերից, ոչ մի դրոշակ: Խանութները բաց էին: Կառավարությունը ոչ մի միջոց ձեռք չէր առել և թողել էր, որ ազգաբնակությունն ինքը որոշի իր վերաբերմունքը, և ամեն ոք, ըստ սովորության, իր գործի հետևից էր: Միայն խորհրդի առաջ և շուրջը տիրում էր արտակարգ եռուզեռ:

Ժողովուրդը խռնվել էր այգում և մայթերի վրա: Զորքը` հետևակ, այրուձի, թնդանոթաձիգ ու գնդացիր, երաժշտությամբ ու դրոշակներով հավաքվում և բռնում է քաղաքային այգին շրջապատող փողոցները: Խորհրդի համար հատկացված էր քաղաքի կենտրոնական այգու դիմաց գտնվող, թեմական դպրոցին պատկանող շենքը, ուր տեղավորված էր քաղաքային ակումբը: Ակումբը վերածված էր խորհրդի ընդհանուր ժողովասրահի, իսկ կողքի սենյակները` նախագահության, ֆրակցիաների, դիվանատան և այլն: Բեմի վրա շինված էր նախագահության օթյակը`

աջ կողի վրա ունենալով մի սեղան թարգմանների համար, ձախ կողմը` ճառախոսների համար ամբիոն: Դահլիճի առաջին մասում` բեմին կից, շինված էին երկուական օթյակներ: Ձախ թևի առաջին օթյակը հատկացված էր կառավարության, երկրորդը` զորահրամանատարության համար: Աջ կողմի առաջին օթյակը Կաթողիկոսի համար էր, իսկ երկրորդը` օտար պետության ներկայացուցիչների: Դահլիճի միջին մասը վերապահված էր խորհրդի անդամների, հետևի մասը և վերնահարկը` հասարակության՚,- հաղորդում է այն ժամանակվա մամուլը` նշելով, որ մամուլի ներկայացուցիչների համար նույնպես հատկացված էր առանձին տեղ:

Ըստ վկայագրության` մինչ նիստի սկսվելը դահլիճում ազատ տեղեր չեն եղել, բացառությամբ Կաթողիկոսի օթյակի: Նիստը բացել է Հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանը, որը նույն օրը` ավելի ուշ, առանց այլընտրանքի,

բաց քվեարկությամբ ընտրվել է Հայաստանի խորհրդի նախագահ: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. ՙԱյս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր, լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում` ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման: Այս օրը միշտ կմնա հիշատակելի նաև այն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազներն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում՚:

ՙԱյո°, մեր հանրապետությունը փոքր է և նեղ իր սահմաններով, նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակությունը և, կարծես թե, պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները չեն կարող քարացած մնալ միշտ. ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով,

մեր արդար և անվիճելի իրավունքների պաշտպանությամբ գրավված հողերի վերաբերմամբ և նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի և նրա դաշնակից

պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնության և խաղաղության ուղին, և ուզում ենք հուսալ, որ չենք սխալվում՚,-ասել է Ա.Սահակյանը, ում ճառը թարգմանվել է թուրքերեն և ռուսերեն լեզուներով: Ի դեպ` դիվանագիտական օթյակում էին ՙգերմանական, ավստրիական,օսմանյան ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը, ռուս, թուրք և ուկրաինական ազգային խորհուրդների ներկայացուցիչները՚: Անդրանիկ նիստի փակումից հետո, խորհրդի շենքի առջև, տեղի է ունեցել զորահանդես, որն ընդունել է վարչապետ Քաջազնունին: Հանդեսից հետո զորքը երաժշտությամբ ու երգերով անցել է քաղաքի գլխավոր փողոցներով:

Ընդունվեցին 1000-ից ավելի օրենքներ և օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր:

Երկու օր անց` օգոստոսի 13-ին, տեղի է ունեցել առաջին գումարման խորհրդարանի

երկրորդ նիստը, որում,ի թիվս այլ հարցերի, լսվել է վարչապետ Հ.Քաջազնունու հայտարարությունը: Նա ներկայացրել է կառավարության կողմից ՙներքին գործերի, ֆինանսների, արդարադատության, զինվորական, արտաքին գործերի սահմաններում՚ լուծվելիք հրատապ հարցեր: Արտաքին քաղաքականության ոլորտի խնդիրների թվում, մասնավորապես, նշվել է. ՙԱտրպատականի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով` լուծել Հայաստանի և այդ պետությունների սահմանների հարցը, հիմք ընդունելով էթնիկական սկզբունքը, իբրև միակը, որ համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն և նպատակներին՚:

Պատմաքաղաքական բարդ ժամանակներում Հայաստանի խորհրդարանն առաջին և երկրորդ գումարման ընթացքում համապատասխանաբար գումարել է 87 և 93 նիստեր, որոնցում ընդունել է 1000-ից ավելի օրենքներ և օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր:

Խորհրդարանն իր գործունեության ընթացքում մշտական հանձնաժողովների, տարբեր նախարարների զեկուցումների հիման վրա քննարկել է երկրի տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Առաջին իսկ քայլերով հայերենը հռչակվել է պետական լեզու: Ժողովրդական լուսավորության ասպարեզում ընտրվել է ընդհանուր, ձրի և պարտադիր տարրական կրթության սկզբունքը, միաժանակ քաջալերող հիմքեր են ստեղծվել` մասնավոր նախաձեռնությամբ դպրոցներ և այլ ուսումնական հաստատություններ բացելու համար: Հիմնվել են ժողովրդական համալսարաններ և կիրակնօրյա դպրոցներ: Մշակվել է բարեփոխումների հստակ համակարգ. ազգայնացվել է վարչակառավարչական ապարատը, արագացվել` զեմստվոյական և քաղաքային ինքնավարությունների հաստատումը: Վերանայվել են հարկերի և տուրքերի, նաև դատաիրավական համակարգերը, կնքվել է արտաքին փոխառություն, բաց թողնվել` սեփական դրամանիշ (չեկեր): Հիմնովին վերակառուցվել է հայոց բանակը:

Խորհրդարանի քննարկած հարցերի թվում էին նաև Դիլիջանում գանձարան բացելու, մասնավոր զենքերի ազգայնացման, դպրոցաշինության, պետական համալսարան, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ հիմնելու, գաղթականության, բանվորների աշխատավարձերը, թոշակներն ավելացնելու, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսուցումը կազմակերպելու, հայ գրողներին, գիտնականներին նյութական օգնություն, պետական ծառայողներին, արտասահմանում սովորող երիտասարդությանը նպաստներ, պատգամավորներին օրապահիկ հատկացնելու և բազմաթիվ այլ խնդիրներ:

Հողային հարցերում մասամբ իրագործվել է մասնատիրականվանքապատկան, եկեղեցական ու լքյալ հողերի պետականացումը և դրանց բաշխումը հողազուրկ գյուղացինեին` աշխատուժի և կարիքի համապատասխան: Արդյունագործության զարգացումն ապահովելու նպատակով կառավարությունն աջակցել է կոոպերատիվներին, պետական օժանդակություն ցուցաբերել երաշտից, կարկտից, հեղեղներից և այլ պատահարներից տուժած տնտեսություններին:

1920 թ. նոյեմբերի 23-ին գումարվել է խորհրդարանի արտակարգ նիստը, որում

հրաժարական է տվել Հ.Օհանջանյանի կառավարությունը, և կազմվել է դաշնակցական նոր կառավարություն` Ս. Վրացյանի ղեկավարությամբ: Ներկայացվել է կառավարության դեկլարացիան, որն ավարտվում էր հետևյալ խոսքերով.ՙՄեր բուռն փափագն է դարձնել ազատ և անկախ Հայաստանը ապահով և բարգավաճ՚: Ըստ նիստի արձանագրության, դեկլարացիան ընդունվել է բուռն ծափահարություններով:

Ցավալի վերջաբան

Հայաստանում ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ.Լեգրանը նոյեմբերի 30-ին դաշնակցական կառավարությանն առաջարկել է իշխանությունը խաղաղ հանձնել Հեղկոմին: Կառավարությունն այն ընդունել է, իսկ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ՌՍՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի` Հայաստանը հայտարարվել է սոցիալիստական հանրապետություն:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 2729 անգամ:
Print Friendly

Leave a Reply