Առաջին անգամ Հայաստանում կկայանա անիմացիոն կինոյի միջազգային փառատոն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 29, 2009 19:58

Վրեժ ՔասունիԵրևանում առաջին անգամ կանցկացվի «ReAnimania» միջազգային անիմացիոն փառատոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին և կտևի երեք օր:

Հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ասում է, որ փառատոնի նպատակն է տարին մեկ անգամ Հայաստանի մայրաքաղաքում համախմբել միջազգային լավագույն անիմացիոն ֆիլմերն ու անիմատորներին, ինչպես նաև զարգացնել հայկական անիմատոր կինեմատոգրաֆիան:

Փառատոնին կաջակցեն ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ Ազգային Կինոկենտրոնը, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը: äաշտոնական գործընկերներից են Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Բրազիլիայի դեսպանատները Հայաստանում, «Ոսկե Ծիրան» Ֆիլմերի միջազգային Փառատոնը, «Մոսկվա» կինոթատրոնը եւ «ԿԱՍՍարտ» ստուդիան:

Փառատոնի շրջանակում տեղ գտած ծրագրերը, այդ թվում` ուսուցողական, կշարունակվեն առաջիկա 5-7 տարիներին:

Ծրագրերի պատասխանատու տնօրեն Արծվի Բախչինյանն ասում է, որ լինելու է նաև հոբելյանական ծրագիր. տոնելու են Գերմանիայում անիմացիոն կինոյի ստեղծման 100 ամյակը: Իսկ մեկ այլ` «Մեծ էկրան» ծրագիրով կկազմակերպվեն լավագույն ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ:

Փառատոնին մասնակցության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը օգօստոսի 10-ն է: Կայքէջի (www.reanimania.com) միջոցով արդեն դիմել են 18 անիմատորներ` 15-ը արտերկրից, 3-ը` Հայաստանից:

50 տարվա պատմություն ունեցող «Անսի» միջազգային անիմացիոն փառատոնը, որն անցկացվում է Ֆրանսիայում, հանդես է գալու` որպես «ReAnimania»-ի տեղեկատվական գործընկեր:

Հայաստանում անիմացիոն ֆիլմի սկիզբը դրել է Լև Ատամանովը (Ատամանյան)` 1938 թ.-ին նկարելով «Շունն ու կատուն»` Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա:

1970-ականները համարվում են ազգային մուլտիպլիկացիոն ֆիլմարվեստի ծաղկման տարիներ: Այդ տարիներին նկարահանվել են տարբեր ժանրերի ֆիլմեր՝ հասցեագրված թե՛ մանուկ, թե՛ մեծահասակ հանդիսատեսին. Ռաֆայել Բաբայանի «Պույ-պույ մկնիկը» (1971), «Աբու Հասանի մաշիկները» (1974), «Երաժշտությունը» (1976), Ռոբերտ Սահակյանցի «Լիլիթը» (1972), Լյուդմիլա Սահակյանցի «Մկների ժողովը» (1978) և այլն:

Քասունին ասում է, որ «ReAnimania» փառատոնը հնարավորություն կտա ստեղծել անիմացիոն արվեստի ասպարեզում ազգային փորձի փոխանակում՝ ցուցադրությունների, սեմինարների, քննարկումների, ցուցահանդեսների միջոցով: Փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսն ամեն տարի կծանոթանա աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնի՝ «Անսի»-ի մրցանակակիր ֆիլմերին, միջազգային անիմացիոն ֆիլմերի ստուդիաների աշխատանքներին:

Դիտվել է 2316 անգամ:
Print Friendly

Leave a Reply