Չեմպիոններին` ճամբարի ուղեգրեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 27, 2010 15:54

Մայիսի 27-ին ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանեժում մեկնարկած Հայաստանի հանդբոլի մինչև 13 տարեկանների առաջնությանը մասնակցում են պատանիների 10 և աղջիկների 9 թիմեր: Պատվիրակներ են գործուղել հանդբոլի կենտրոններ ունեցող Հայաստանի բոլոր մարզերի, նաև Արցախի ներկայացուցիչները: Թերևս, այս առումով միայն բացառություն է կազմել Գյումրին: Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ուրախալի համարեց այն փաստը, որ նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է այս ստուգատեսի մասնակից թիմերի թիվը, նաև ընդլայնվել է մարզաձևի տարածման աշխարհագրությունը: Հույս հայտնվեց, որ ներկայիս մարզիկ-մարզուհիների շարքերից ի հայտ կգան բարձրակարգ խաղացողներ, ովքեր հետագայում կհամալրեն Հայաստանի հավաքականները: Ի դեպ, բոլոր մասնակիցներին պարգևներ են հանձնվելու, իսկ թիմերին` հանդբոլի գնդակներ: Չեմպիոն դարձած պատանիների և աղջիկների թիմերի խաղացողները որպես խրախուսանք դպրոցականների արձակուրդին հանգստանալու հնարավորություն կստանան ճամբարներում: Իսկ թե ովքեր են ուժեղագույնները, կպարզվի մայիսի 30-ին, երբ կավարտվեն մրցաշարերը:

Դիտվել է 2006 անգամ:
Print Friendly

Leave a Reply