Մարզպետարաններն այսուհետ կգնահատվեն` ըստ հաշմանդամների համար հավասար պայմանների ապահովման

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 29, 2009 19:53

ՀասարակությունԱռաջիկայում մարզպետարանների տարեկան աշխատանքը կգնահատվի կառավարության կողմից. գնահատման կարևոր չափանիշ կլինի այն, թե արդյոք մարզային հեռուստաընկերությունն ունի սուրդոթարգմանություն, տարվա ընթացքում կառուցված շինություններից քանիսն են մատչելի հաշմանդամների համար. այս մասին այսօր ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանն ասում է, որ քննարկվում են օրենսդրական փոփոխություններ, ըստ որի` չափահաս հաշմանդամներին կտրվի գործազուրկի կարգավիճակ և նրանք հնարավորություն կունենան պետական նպաստ ստանալ։

2007-ին ՄԱԿ-ն ընդունեց «Հաշմանդամ անձանց իրավունքների» կոնվենցիան, որին նույն թվին միացավ նաև Հայաստանը, որտեղ այսօր ապրում է 168 հազար հաշմանդամ:

Բաղդասարյանը շեշտում է, որ Կոնվենցիայի դրույթներից մի քանիսի կատարման առումով Հայաստանը թերանում է. չի ապահովվում հավասարություն և մատչելիություն` քաղաքաշինության, տեղեկատվություն ստանալու և զբաղվածության ոլորտներում։

«Հանրությունը պետք է սովորի ապրել հաշմանդամների հետ։ Ներառումը հրաշք չէ, որ մեկ ակնթարթում տեղի ունենա, ժամանակ է պետք, նաև հասարակությունը պետք է պատրաստ լինի»,-ասում է Հաշմանդամների միջազգային կազմակերպության Եվրոպական ներկայացուցչության նախագահ Ժան Լյուք Սիմոնը։

«Ունիսոն» հկ ղեկավար Արմեն Ալավերդյանն էլ նշում է, որ ամեն դեպքում ձեռքբերումներ կան. «Առնվազն, հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի մակարդակով փոփոխություններն ակնհայտ են»։

Դիտվել է 1728 անգամ:
Print Friendly

Leave a Reply