Արմեն Աշոտյան. «Մեր հասարակությունը պետք է լինի եռալեզու»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 27, 2010 14:31

Թեքեյան մշակութային կենտրոնում հավաքված 100-ից ավելի ուսանողներն ուզում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:  Հանդիպումը կազմակերպել էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը:  Հանդիպման ժամանակ քննարկվող թեմաները բազմազան էին` սկսած դպրոցական կրթության հիմնահարցերից մինչև ասպիրանտական կրթությունը:

Ուսանողների հարցերի մեծ մասը, սակայն, այդպես էլ անպատասխան մնաց. նախարարը հարցերին պատասխանելիս չէր շտապում, սակայն նրա երկարաշունչ մտքերը չէին բավարարում ուսանողներին:

Աշոտյանը ուսանողների հետ զրույցում նշեց,  որ բուհական համակարգի խնդիրներին ավելացել է ևս մեկը` դիմորդների թվի նվազումը: Այս տարի դպրոցներն ունեն շուրջ 38 հազար շրջանավարտ, և ԿԳՆ-ն բուհերին է հատկացրել 20 500 տեղ, մինչդեռ կա  շուրջ 18000 դիմորդ:  «Ակնհայտ է, որ այս տարի մրցակցություն չի լինի, և բուհ կընդունվեն բոլոր դրական գնահատական ստացողները»,- ասում է Աշոտյանը: Ըստ նախարարի` սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց նվազում է նաև բուհական կրթություն ստանալու տենդենցը:

Ըստ Աշոտյանի`  կրթական համակարգը հանրապետության ամենածանրակշիռ ոլորտներից է, ունի 700 հազար շահառու` ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ  և այլն: «Հայաստանում չկա գեթ մեկ ընտանիք, որ մեր ոլորտում շահառու չունենա: Եվ ամենասոցիալիզացված ոլորտը լինելով` կրթական համակարգը պարտավոր է սպասարկել հասարակության ակնկալիքները»,- ասում է Աշոտյանը:

Նրա խոսքով` կրթական համակարգը դինամիկ զարգացող ոլորտներից է և «փոփոխությունները կրթական համակարգում երբեք կանգ չեն առնի, անկախ այն բանից, թե ով է նախարարը»:

Անդրադառնալով օտարալեզու դպրոցներ ստեղծելու հարցին` Աշոտյանն ասում է, որ նպատակն է ոչ թե ամեն լեզվից մի քիչ-մի քիչ իմացող մարդիկ ունենալը, այլ այն, որ ապագա սերունդը լավ տիրապետի  հայերենին, միևնույն ժամանակ չլինի միալեզու:  «Չեմ հավատում, որ հայ մարդու նկարագիրը հակասում է XXI դարի հաջողակ ազգերի հաջողության բանաձևին»,- ասում է Աշոտյանը: Ըստ նրա` հայ հասարակությունը պետք է լինի եռալեզու, այսինքն` իմանա  հայերեն և  նաև գերազանց  տիրապետի գոնե ռուսերենին ու անգլերենին: Նրա խոսքով` դպրոցի կրթական ծրագրի 37 տոկոսը կազմում են հայագիտական առարկաները, որոնք դասավանդվելու են նաև օտարալեզու դպրոցներում, սակայն «մեկուսանալ աշխարհից մենք չենք կարող»:

Աշոտյանի խոսքով` օրենքով օտարալեզու դպրոցների թիվը սահմանափակվելու է` Հայաստանում կարող է ստեղծվել առավելագույնը 15 օտարալեզու դպրոց, ընդ որում` մեկ  լեզվով կարող է գործել ոչ ավելի, քան 5 դպրոց: Օտարալեզու կրթությունը թույլատրվելու է սկսած 5-րդ դասարանից` մինչ այդ կրթությունը պետք է կազմակերպվի բացառապես հայերենով: Օտարալեզու դպրոցները գործելու են կառավարության հսկողության ներքո, դրանց վրա կտարածվի նաև «Հանրակրթության մասին» օրենքը: Նա ասում է, որ օտարալեզու դպրոցները չեն ստանալու պետական ֆինանսավորում, իսկ համապատասխան կադրերի մասին պետք է հոգան հիմնադիրները, բացի այդ, հիմնադիրները կորոշեն նաև, թե արդյոք դպրոցը վճարովի՞ է լինելու, կամ ունենալո՞ւ է որոշ  անվճար տեղեր:  Երբ հարց հնչեց, թե ինչու օտարալեզու դպրոցների աշակերտների թվի սահմանափակում չկա, Աշոտյանը պատասխանեց, թե տեսականորեն ամեն դպրոցում կարող է սովորել 10 հազար աշակերտ, ինչը իրականում հնարավոր չէ:

Չնայած նախարարը օտարալեզու դպրոցների մասին խոսելիս կարևորում էր լեզուների իմացությունը և որպես օրինակ մատնանշում իրանցիուսանողներին, ովքեր տիրապետում են անգլերենին այնքան, որ կարողանում են հանգիստ օգտվել անգլիալեզու գրականությունից, «Անկախի» հարցին  ի պատասխան` նշեց, որ օտարալեզու դպրոցների բացման նպատակը կրթական համակարգում նաև նման տիպի ծառայությունների ապահովումն է:

Նախարարը նշեց, որ  հանրակրթական  դպրոցներում օտար լեզվի դասավանդման մակարդակը բավարար չէ, և հարցի լուծման մի եղանակ կա` երբ պետությունը բավարար ֆինանսական միջոցներ ունենա, հավելյալ ուսուցիչներ կվարձի և կկիսի օտար լեզվի դասաժամերը: Եվ չնայած բավարար միջոցներ չկան դասավանդվող օտար լեզուների  դասաժամերը կիսելու համար, առաջիկայում ԿԳՆ-ն նախատեսում է դպրոցներում ներմուծել 3-րդ օտար լեզու, թե որը կլինի երրորդը, կընտրեն դպրոցները:

Աշոտյանը մեկնաբանեց նաև մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կրճատման դրդապատճառները: Ըստ նրա` բակալավրիատում  գերազանց սովորողների 85 տոկոսն աղջիկներ են, սակայն իգական սեռի ներկայացուցիչները մագիստրատուրա  ավելի քիչ են դիմում, իսկ ասպիրանտների ընդամենը 15 տոկոսն են աղջիկներ:  Ըստ Աշոտյանի` հիմա այլևս մագիստրատուրա և ասպիրանտուրա կդիմեն միայն նրանք, ովքեր ուզում են  գիտությամբ զբաղվել: Նախարարը, սակայն, այդպես էլ չպատասխանեց ուսանողների այն հարցին, թե մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կրճատումն ինչպես պետք է ազդի գիտության որակի բարձրացման վրա:

Իսկ տարկետման իրավունքով տեղերի կրճատումն Աշոտյանը բացատրեց այսպես, թե արդեն 20 տարի Հայաստանում չի կայանում մրցակցությունը մասնավոր և պետական բուհերի սեկտորում, քանի որ երկուսն էլ ունեն արտոնություններ. մասնավոր բուհերը ընդունելություն են կազմակերպում ինչպես իրենք են ուզում, իսկ  պետական բուհերն էլ կրթությունից բացի, վաճառում են նաև տարկետման իրավունք: «Երկուսն էլ խտրական դաշտում են գործել: Հիմա ուսանողն այլևս բուհը և մասնագիտությունը չի ընտրի տարկետում ստանալու համար»,- ասում է Աշոտյանը: Ըստ նրա` եթե ուսանողները տարկետման խնդիր չունենան, այդ պարագայում կրթությունը կշարունակեն միայն լուրջ մասնագիտական ձգտումներ ունեցողները:  Անդրադառնալով ասպիրանտական տեղերի հարցին` Աշոտյանն ասում է, որ Հայաստանում պաշտպանվող թեկնածուական ատենախոսությունների 25 տոկոսը տնտեսագիտության ոլորտին են վերաբերում, սակայն
«ցույց տվեք գոնե մեկ տնտեսագիտական մոդել, որ ատենախոսություն պաշտպանածների հսկայական բանակն է շրջանառության մեջ դրել»:  Աշոտյանի խոսքով` ինչքան կրճատվել են ասպիրանտական առկա ուսուցմամբ տեղերը, նույնքան էլ ավելացել են հեռակա ուսուցմամբ տեղերը:

Այս հարցի պատասխանից դժգոհ շուրջ 15-20 ուսանող լքեց դահլիճը` տեղի ունեցող հարց-պատասխանը բնութագրելով որպես դեմագոգիա:  Մնացած ուսանողները ևս դժգոհ էին Աշոտյանի պատասխաններից` նշելով, որ հստակ պատասխան որևէ հարցի չի տրվում, սակայն  մնացել են  շարունակությանը հետևելու համար:

Անդրադարձ եղավ նաև Ջավախքում հայ-վրացական համալսարան հիմնելու հարցին: Ըստ նախարարի` այժմ նպատակահարմար չէ նման համալսարանի հիմնումը: Նա նշեց, որ Ջավախքի պահպանման գրավականը վրացերենի իմացությունն է և կարևորեց, որ ջավախահայ ուսանողներն ավելի շատ գնան ուսանելու վրացական բուհերում, քան թե գան Հայաստան: «Հայկական բարձրագույն կրթությունը Ջավախքի հայաթափումը չի կանխի»,- ասում է Աշոտյանը` հավելելով, որ անգամ Ջավախքում գործող հայկական համալսարանի տված կրթությունը կծառայի  որպես դարպաս դեպի Հայաստան:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply