Բախտամյանի զենքը չեն վերադարձնում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 31, 2010 10:40

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության անդրանիկ փուլի մեկնարկը Հայաստանի հավաքականի առաջատար Նորայր Բախտամյանի համար հաջող չէր: Մեր երկրից հանդես էին գալիս երկու մարզիկ` փորձառու Բախտամյանը և երիտասարդ Նորայր Առաքելյանը: Ի դեպ,  Բախտամյանը փետրվարին իր կարողությունները փորձել էր Նորվեգիայի Մերակեր քաղաքի հրաձգարանում անցկացված Եվրոպայի առաջնությունում և ատրճանակով 10 մ հեռավորությունից կրակահերթերում ոչ միայն ձեռնունայն էր մնացել, այլև եզրափակիչ չէր մտել: Այսինքն` այս անգամ նա պարտք ուներ: Սակայն, կրկին բախտը Բախտամյանի նկատմամբ բարեհաճ չէր: Նա լավ արդյունք ցույց տվեց` 584 միավորով գրավելով 5-րդ տեղը: Պարզապես, եզրափակչում Նորայրը մի փոքր հետ  մնաց հակառակորդներից:  Իսկ Առաքելյանը, առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցաշարի, նույն մրցաձևում լրացրեց սպորտի վարպետի նորմը ` 574 միավոր:

Ի դեպ, երկար ժամանակ է, որ Բախտամյանը լուրջ խնդիր ունի: Փետրվարին նա Քուվեյթում մասնակցել էր ոստիկան մարզիկների աշխարհի առաջնությանը: Սակայն, այդ ստուգատեսի ավարտից հետո նրան թույլատրել էին միայն նվաճած պարգևները տուն բերել, իսկ զենքերը վերցրել էին` զինաթափել էին: Խոստացել էին, որ դրանք կուղարկեն, սակայն խաբել էին: Մարզիկի համար դժվար է անսովոր զենքով մրցումների մասնակցելը: Նորվեգիայում նրա անհաջողությունն այդ հանգամանքով էր պայմանավորված: Այժմ էլ նույն բանը, փաստորեն, կատարվել է Չինաստանում:

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը վրդովված է, որ Քուվեյթում այդ երկրի մի մարզիկ դիմել է ռուսաստանցի մարզչի, նա էլ զանգահարել է Պեկին և Բախտամյանին հարցրել, թե  հնարավո՞ր է, որ Նորայրը վաճառի Քուվեյթում գտնվող իր զենքի փայտե բռնակը: Բանն այն է, որ մեկնելուց առաջ մեր մարզիկը հանել էր զենքերից մեկի բռնակը, իսկ մյուսը` թողել  վրան: «Հենց միայն դրանից կարելի է եզրակացնել, որ փակ արկղը բացվել է, և նրա զենքերը դեռ Քուվեյթում են: Ահավոր վիճակ է»,- դժգոհեց Նիկողոսյանը:

Հետաքրքիր է, այս հարցով մերոնք դիմե՞լ են Հրաձգության միջազգային ֆեդերացիային:  Պարզաբանվեց, որ հույսներս այն է, որն Քուվեյթում Հայաստանի դեսպանն այդ հարցը կկարգավորի:

Այժմ Բախտամյանը նախապատրաստվում է մասնակցելու Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցափուլին: Բանն այն է, որ աշխարհի գավաթի խաղարկության մյուս մրցափուլերը կայանալու են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, և դրանք, ամենայն հավանականությամբ, մեր մարզիկը բաց կթողնի: Այնպես որ, Բելգրադում նա պետք է առնվազն 4-րդ տեղ գրավի, որպեսզի այս ստուգատեսի եզրափակչում հանդես գալու իրավունք ստանա: Այնուհետև, Բախտամյանը պետք է նախապատրաստվի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 10-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տարվա գլխավոր ստուգատեսն է: «Պարապելու հարցում Բախտամյանը խնդիր չունի: Սակայն «Շտայեր» ֆիրման նրան նոր զենք է նվիրել,որի բռնակը նա ձևափոխել է ու այժմ հարմարվում է այդ նոր զենքով  կրակելուն: Դրա ձգանը ոչ թե մեխանիկական է, այլ էլեկտրոնային: Սա արդեն երրորդ զենքն է, որ ավստրիական ֆիրման նվիրում է Նորայրին: Կարծում եմ` դրանով նա լավ արդյունք ցույց կտա»,- ասաց Նիկողոսյանը:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply