Ի՞նչ է կատարվել Բաքվում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 29, 2010 11:12

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը վաղուց պատմություն է դարձել, մեր երկրի պատվիրակները վերադարձել են Հայաստան, սակայն մինչ օրս քար լռություն է, թե ին՞չ է կատարվել իրականում:

Հայտնի է, որ  Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել, նաև արժանանալ Սինգապուրում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրի: Վերադարձից հետո մեր մարզիկների մրցելույթների մասին խնդրեցինք գնահատական տալ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանին: Սակայն նա պատճառաբանեց, որ իրեն հրահանգ է տրված այդ մասին հրապարակավ ոչինչ չասել: Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Դերենիկ Գաբրիելյանն էլ խուսափողական պատասխան տվեց. սկզբում հայտնեց, որ ամեն ինչի մասին տեղյակ կպահի առնվազն մեկ շաբաթից, իսկ հետո, թե  որոշվել է, որ Բաքվում կատարվածի բոլոր մանրամասների մասին կտեղեկացնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, աշխարհի առաջնության մրցանակակիր Արտակ Մալումյանը, որ մեր պատվիրակության մենեջերն է եղել Ադրբեջանում կայացած առաջնության ժամանակ:

Մալումյանին նախ հարցրինք, թե ինչո՞ւ էին համաձայնվել մեր երիտասարդ բռնցքամարտիկներին Ադրբեջանում մրցումների մասնակցելու տանել, երբ նույն ապրիլին Հայաստանի  սուսերամարտի պատանեկան հավաքականը հրաժարվել էր Բաքվում սինգապուրյան պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային համարվող աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելուց, իսկ մեր երկրի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականները պատվիրակներ չէին ուղարկել Եվրոպայի առաջնությանը:

– Դժվարանում եմ մյուս մարզաձևերի ներկայացուցիչների  դիրքորոշման մասին որևէ բան ասել, բայց բռնցքամարտիկներին բնորոշ է համարձակ քայլերից չհրաժարվելը: Այդ է պատճառը, որ որոշվել էր մասնակցել այդ ստուգատեսին: Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) վստահեցրել էր, որ մեր մարզիկների անվտանգությունը կապահովվի մի երկրում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չի պահպանում,  ի լրումն` ունի մի շարք կնճռոտ խնդիրներ:

– Մեր պավիրակությունն ինչպե՞ս է հասել մրցավայր, որտե՞ղ է տեղավորվել:

– Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 բռնցքամարտիկները 14-օրյա ուսումնամարզական հավաք էին անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որն ավարտելուց հետո, արդեն միասին ինքնաթիռով ուղևորվեցինք Բաքու:  Ընդհանուր հաշվով Հայաստանից Բաքու ժամանեց 13 մարդ: Օդանավակայանում մեզ մոտեցան Ադրբեջանի անվտանգության ծառայության երկու ներկայացուցիչ: Շատ արագ կատարվեցին գրանցումները, և գնացինք մեզ համար նախատեսված հաստատությունը: Իրականում դա մի հանրակացարան էր, որը գտնվում էր մրցումների անցկացման մարզաբազայից ոչ հեռու: Ամեն դեպքում, դա հյուրանոց չէր: Ընդ որում, առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի ներկայացուցիչները մասնակից մյուս երկրների նման կատարել էին բոլոր անհրաժեշտ վճարումները, որպեսզի հարմարավետ պայմաններում լինեն, բայց եթե այլ երկրների պատվիրակները բարձրակարգ հյուրանոցներում էին տեղավորվել, ապա մենք` այդ խղճուկ կացարանում: Կարճ ասած, այդ առումով մյուսներից տարբերվում էինք:

– Մի՞թե այդքան վատ էր:

– Շինությունը նորակառույց էր, սակայն հարմարություններն այն չէին: Մասնավորապես, մեր վեց բռնցքամարտիկները նույն սենյակում էին տեղավորված: Ինքս նախկին բռնցքամարտիկ եմ, փորձով գիտեմ, որ դա մարզիկին հոգեբանորեն ճնշում է: Բռնցքամարտիկի համար դժվար է, երբ մեկ սենյակում նույնիսկ երկրորդ թիմակից է լինում:

– Եվ չփորձեցի՞ք առարկել:

– Մեր պատվիրակության կողմից դժգոհություն եղավ: Հենց սկզբից ճնշված էինք, երբ իմացանք, որ կապի որևէ միջոցից օգտվելու հնարավորությունից զրկված ենք: Բացի այդ, մենք ադրբեջանական փող չունեինք, որ կարողանայինք համապատասխան հեռախոսային քարտեր գնել: Ադրբեջան հասնելուց անմիջապես հետո այդ հարցերը պետք է կազմակերպիչները լուծեին: Այսպիսով, Հայաստանում գտնվող մեր հարազատների, նաև սպորտի ղեկավարների հետ հեռախոսով խոսելու հնարավորություն չունեինք: Եվ մեր ռուսաստանցի գործընկերներից մեկի հեռախոսից օգտվելու միջոցով միայն կարողացանք կապ հաստատել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հետ և տեղյակ պահել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, թե Բաքվում ինչ իրավիճակում ենք հայտնվել: Հարցերը կարգավորվեցին 3-4 ժամ հետո: Գագիկ Ծառուկյանն անմիջապես նամակ  էր ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ ժակ Ռոգեին, նա էլ ահազանգել էր ԱԻԲԱ-ի նախագահին, և վերջինիս ներկայացուցիչները մեզ զրույցի հրավիրեցին: Հանդիպեցինք նրանց, Ադրբեջանի  արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի հետ: Խոսվեց այն մասին, որ մեզ ոչ պատշաճ պայմաններում են դրել, սննդի հետ կապված խնդիրներ կան և այլն: Ինչպես հայտնի է, մարզիկի համար  սնունդը կարևոր նշանակություն ունի, այն թերևս մրցմանը լավ մասնակցելու գլխավոր նախապայմանն է:

– Իրո՞ք սննդի հարցը սահմանակից երկրում այդքան վատ էր:

– Առաջին երկու օրերին սնունդը լավ չէր: Բայց ահազանգից հետո մեզ մոտեցան և առաջարկեցին նույնիսկ կերակրացանկ կազմել: Մեր պահանջն առանձնահատուկ չէր: Մարզիկները սովորաբար օգտագործում են այնպիսի կերակուրներ, որոնք զանգվածով փոքր են, սակայն մեծ կալորիականություն ունեն: Դրանք անհրաժեշտ են հատկապես քաշ գցելու խնդիր ունեցողներին: Ուստի, անհրաժեշտ է օգտագործել ձվով կերակրատեսակներ, երշիկեղեն, ապխտած մսեղեն, շոկոլադ և այլն:

– Մեր պատվիրակությունն իր հետ ուտելիք չէ՞ր տարել:

– Ոչ: Ի դեպ, երբ երշիկեղեն պահանջեցինք, մեզ բերեցին յուղոտ երշիկ և այնքան քիչ, որ ամեն մարզիկին մեկ կտոր հազիվ հասավ: Դրանից հետո կրկին մեծ աղմուկ բարձրացավ, որից հետո միայն որոշ չափով այդ հարցը կարգավորվեց: Մատուցում էին  բրնձով փլավ, վրան` մի փոքր մսի կտոր և սոուս: Եվ դա ուտելով` մարզիկները չէին կարող ռինգում իրենց լավ դրսևորել:

– Իսկ հոգեբանական առումով մեր պատվիրակներն իրենց ճնշվա՞ծ էին զգում: Փող չփոխանակելու հանգամանքը որևէ բանի խանգարո՞ւմ էր:

– Ադրբեջանական փող ունենալու անհրաժեշտություն  այլևս չկար:  Չնայած մեզ ուղեկցում էին անվտանգության աշխատողները, մեզ  մեկուսացված էին պահում և այդ աշխատանքը հստակորեն էին կատարում, այդուհանդերձ, ժողովրդի կողմից հարձակման ենթարկվելու մտավախությունը կար: Ուստի, չէինք մտածում դրսում լինելու մասին, մեր մարզիկների անվտանգությունն ամենից կարևորն էր: Պատասխանատվությունը մեծ էր: Մարդկանց հայացքներին նայելով` վատ կանխազգում էինք ունենում: Այդ է պատճառը, որ հրաժարվում էինք, երբ առաջարկում էին քաղաքից դուրս որևէ տեղ գնալ: Փաստորեն, 24 ժամ շարունակ մեկուսացված էինք, անգամ  ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեինք:

– Իսկ հարձակումներ մերոնց վրա եղե՞լ են:

– Հարձակումներ չեն եղել, բայց  հանդիսականներն աղմկում էին, երբ Հայաստանի նեկայացուցիչները դահլիճ էին մտնում: Դա դժգոհության ալիք էր: Գուցե մեր երկրի ներկայացուցիչների հասցեին արտահայտություններ էին հնչում: Բայց ինքս այդ ամենին աշխատում էի ուշադրություն չդարձնել և նույնը խորհուրդ էի տալիս անել մեր պատվիրակության մյուս անդամներին: Այդպիսի լարված պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր էր:

– Խոսակցություններ կան, որ ԱԻԲԱ-ի ներկայացուցիչները շատ վատ են ընդունել ՀԱՕԿ-ի նախագահի դժգոհությունը ՄՕԿ-ին:

– Բնական է, նրանց համար ցանկալի չէր, որ մենք ջրի երես հանեինք իրենց սխալը: Իմ կարծիքով, այդպես էլ պետք է լիներ:  Ինձ համար զարմանալի չի լինի, եթե առաջիկայում Մոսկվայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ԱԻԲԱ-ի ներկայացուցիչները մեր նկատմամբ  սառնություն դրսևորեն: Բայց մենք մեղավոր չենք, որ Բաքվում չէին արել այն, ինչը պարտավոր էին:

– Հետաքրքիր է ձեր գնահատականը: Մերոնք իրո՞ք վատ են հադես եկել ադրբեջանական ռինգում:

– Միայն կարող եմ ասել, որ մերոնք պատվով են հանդես եկել, ռինգում մինչև վերջ պայքարել են: Ի դեպ, անկախ այն բանից, թե մեր բռնցքամարտիկները որ երկրի ներկայացուցիչների դեմ էին հանդես գալիս, հանդիսականներն աղմկում էին, փորձում էին խանգարել, հոգեբանական ճնշում գործադրել: Ընդ որում, առաջնությունում մեր երկիրը մրցավար էլ չուներ: Այնպես որ, կողմնակալ մրցավարությունն էլ խանգարեց: Ակնհայտորեն, Ադրբեջանի պետական այրերը խնդիր էին դրել, որ Բաքվում մեր երկրի  ոչ մի ներկայացուցչի պատվին Հայաստանի դրոշը չբարձրացվի: Եվ նրանք հասան այդ նպատակին: Իմ կարծիքով` մեր բռնցքամարտիկներից չեն պարտվել Կորյուն Սողոմոնյանը (48 կգ), Հովհաննես Բաչկովը (54 կգ), Հրայր Մաթևոսյանը (60 կգ): Ինչպես հայտնի է, աշխարհի պատանիների չեմպիոն Սողոմոնյանի անդրանիկ մրցամարտը ղրղզստանցի Նուրբեկ Աբլազովի հետ ավարտվեց 7:7 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին նրա հակառակորդին: Մենք 500 դոլար մուծեցինք և բողոքարկեցինք, սակայն շատ արագ բացասական պատասխան ստացանք: Ամենայն հավանականությամբ, այդ հարցը չէր էլ քննարկվել:

Դիտվել է 1724 անգամ:
Print Friendly

Leave a Reply