Ֆիտոթերապիա. արդյունավետ բուժում` բժշկի նշանակմամբ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 27, 2010 14:11

Դարեր առաջ մեր նախնիները ճանաչում էին բույսերի մոտ 21.000 տեսակ և այդ բույսերն  օգտագործում էին ոչ միայն կերակրի մեջ, այլև բժշկական նպատակներով:

Բուսաբուժության` ֆիտոթերապիայի (հունարեն «phyton» (բույս) «therapeia» (թերապիա) բառերից) արմատները հասնում են մինչև շումերական քաղաքակրթություն, բայց «ֆիտոթերապիա» բառը «բուսաբուժության» իմաստով առաջին անգամ գործածել է Անրի Լեկլերկը (1870-1955 թթ.):

Այսօր ֆիտոթերապիան համարվում է ժամանակակից բժշկության անբաժանելի մասը և լայն կիրառություն ունի գրեթե բոլոր ոլորտներում: Եվ թեպետ որոշ բժիշկներ բուսաբուժությունը համարում են սխալ և ոչ ազդեցիկ, այն վաղուց արդեն ապացուցել է իր արդյունավետությունը:

Հայաստանում ֆիտոթերապիան երկար պատմություն ունի: Դեռ Մխիթար Հերացին` XII դարի խոշորագույն բժիշկներից մեկը, իր աշխատություններում, որոնք մինչ օրս էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, գրում էր հոգեթերապիայի, դիետոլոգիայի և ֆիտոթերապիայի մասին:

Թերապեվտ Կարինե Հայրապետյանն ասում է, որ ֆիտոթերապիան հիմա էլ Հայաստանում մեծ տարածում ունի և կիրառվում է գրեթե բոլոր հիվանդությունների դեմ պայքարելու  կամ կանխարգելելու համար: Ըստ Հայրապետյանի` հայ բժիշկները մեծ մասամբ բույսեր նշանակում են հազի, բրոնխիտի, ասթմայի, հիպերտոնիայի (բարձր զարկերակային ճնշման)  դեպքում և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար: Որպես կանոն, բույսերը, ի տարբերություն քիմիական դեղամիջոցների, կողմնակի ազդեցություններ չունեն, և ինչպես ժողովուրդն է ասում, «հոնքը սարքելու տեղը աչքը չեն հանում»:

Ժամանակակից գիտությունը ճանաչում է արդեն ավելի քան 500.000 տեսակի բույսեր, որոնց մեջ` մի քանի հարյուր դեղաբույսեր: Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ  մնացած բույսերը բուժիչ հատկություններ չունեն: Ինչպես ասել է ամերիացի փիլիսոփա Ռ. Էմերսոնը, «յուրաքանչյուր մոլախոտ իրականում դեղաբույս է, որի բուժիչ հատկությունները գիտությունը դեռ չի հայտնաբերել»:

Բույսերը սինթեզում են նյութեր, որոնք օգտակար են մարդու և կենդանիների առողջության պահպանման և վերականգնման համար: Բույսերը պարունակում են ալկալոիդներ, գլիկոզիդներ, եթերայուղեր և այլն: Այս նյութերն օգնում են  արդյունավետ պայքարել ստամոքսի և աղիների հիվանդությունների դեմ, դադարեցնում և բուժում են տարատեսակ բորբոքումները:

Ֆիտոթերապեվտ Գայանե Սողոմոնյանն ասում է, որ ֆիտոթերապիայի ճիշտ և տեղին օգտագործումը դրական ազդեցություն ունի մարդու իմունային համակարգի վրա: Այն կարող է նաև նվազեցնել քիմիաթերապիայի, ինչպես նաև հակաբիոտիկների, հորմոնալ և քիմիական դեղամիջոցների վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա, այդ պատճառով ֆիտոպատրաստուկները հաճախ նշանակում են դեղորայքային բուժմանը զուգահեռ:

Ըստ Սողոմոնյանի` ֆիտոթերապիան շատ արդյունավետ է նաև նյարդային համակարգի խնդիրների դեմ պայքարում, գինեկոլոգիայում և ուռուցքաբանության մեջ. դեղաբույսերը կարող են  դադարեցնել խոցային բջիջների աճը: Ֆիտոթերապիան լավ է նաև այրվածքների և վնասվածքների ժամանակ:

Ֆիտոթերապիան  սահուն, աստիճանական ազդեցություն ունի,  ուստի, ինչպես նշեցին բժիշկները, սխալ է մտածել, որ այն ազդում է միանգամից, և կարելի է արագ արդյունք ակնկալել: Ֆիտոպատրաստուկները դանդաղ պնդացնում են օրգանիզմը` օգնելով պայքարելու ամեն տեսակի առողջական խնդիրների դեմ:

Շատերը կարծում են, թե ֆիտոթերապիան բոլորովին անվնաս և անվտանգ է, հետևաբար կարող է կիրառվել առանց որևէ սահմանափակումների և բժշկական վերահսկման: Մեզանից շատերը վախենում են  դեղատնից գնել բժշկի կողմից նշանակված դեղը, բայց հարևանների խորհրդով հանգիստ խմում են խոտաբույսերի եփուկները:

Իրականում, ֆիտոթերապիան բուժման մեթոդ է, և նրա  արդյունավետությունը կախված է ճիշտ օգտագործումից: Բույսերը կունենան դրական կամ բացասական ազդեցություն` կախված ճիշտ չափաքանակից, ճիշտ նշանակումից և այլն:

«Ֆիտոթերապիայի հարցում պետք է շատ զգույշ լինել. բուժման ժամանակ հարկավոր է անպայման հաշվի առնել մարդու տարիքը, հիվանդության ծանրությունը, օրգանիզմի ընդհանուր վիճակը, ինչպես նաև մարդու գենոտիպը և ֆենոտիպը», – ասում է ֆիտոթերապեվտ Գայանե Սողոմոնյանը: «Բույսերը նույնիսկ ինքնուրույն հավաքել խորհուրդ չէի տա, քանի որ մարդը կարող է սխալվել, սխալ բույս քաղել, որը կարող է թունավոր լինել», – ասում է Կարինե Հայրապետյանը և ավելացնում, որ բժիշկների կողմից նշանակված բույսերը ցանկալի է գնել դեղատներից: Բացի այդ, շատ դեղաբույսեր հակացուցումներ ունեն,  հետևաբար,դրանց ընտրությունը և չափաքանակը ավելի լավ է վստահել մասնագետին:

Այսպիսով, բժիշկները նույնիսկ դեղաբույսերով ինքնաբուժությամբ զբաղվել ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս: «Ինքնուրույն կարելի է և նույնիսկ պետք է պրոֆիլակտիկայով զբաղվել, պնդացնել օրգանիզմը, – ասում է Սողոմոնյանը: – Ամեն տեսակի հիվանդությունների պրոֆիլակտիկա է լավ տրամադրությունը, առողջ ապրելակերպը: Չէ՞ որ ամենից շատ մարդուն վնասում է բացասական մտածելակերպը և սեփական ուժերին չհավատալը»:

Բժիշկը խորհուրդ է տալիս ամեն առավոտ զբաղվել մարմնամարզությամբ և հնարավորինս շատ քայլել: «Եվ հաճախ ժպտացեք, քանի որ հենց ժպիտից և լավ տրամադրությունից է սկսվում առողջ ապրելակերպը»:

Դիտվել է 5792 անգամ:
Print Friendly

Leave a Reply