Եվա Ռիվասի ոսկրե քանդակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 27, 2010 14:06

Եվա Ռիվասը, որ «Եվրատեսիլ- 2010»  երգի միջազգային  մրցույթում  ներկայացնելու է Հայաստանը «Ծիրանի կորիզ» երգով, այս օրերին շատերի երկրպագության  և ուշադրության կենտրոնում է: Եվ երկրպագուների համակրանքը  տարբեր հավանական ու անհավանական դրսևորումներ է ունենում:

Հերմինե Սարդարյանը, ով նույպես այդ բանակից է, առանձնահատուկ է: Վերջին տարիներին նա ճագարի, հավի, տավարի, ոչխարի ոսկրերից, հավկիթից, ձկան փշերից ու թեփուկներից քանդակներ է անում: Նրա ստեղծագործություններն օր օրի համալրվում են նոր կերպարներով ու առարկաներով: Խաշի ոսկրին  կյանք տված նրա նոր  աշխատանքը Եվա Ռիվասի քանդակն է:

«Մասնագիտությամբ լինելով երաժիշտ` հետևում եմ  տարբեր շոուներին և երաժշտական իրադարձություններին: Քանի որ Եվա  Ռիվասի ձայնային տվյալներն ինձ գոհացնում են, և առհասարակ նրա կերպարն ինձ համար հետաքրքիր է, որոշեցի նրա ոսկրե քանդակը ստեղծել»,- երգչուհով հիացած ասում է Հերմինե Սարդարյանը:

Եվա Ռիվասի կերպարը ստանալու համար, Հերմինեն շտապում է խաշ եփել և ամուսնուն զգուշացնում, որ խաշի միսը գնելիս` մսավաճառին թույլ չտա ոսկորները կոտրել: Եվ մինչ խաշի կաթսայի մեջ կեռար Ռիվասի «ոսկորը», Հերմինեն մտովի պատկերացնում էր երգչուհու կերպարը:  Նա երգչուհու ոսկրե կերպարը մարմնավորեց հայկական ծիրանագույն տարազով. «հագուստը» կարված է հավի կաշվից: «Բոլորին հետաքրքիր է, թե Եվրատեսիլում Եվան ինչ կերպարով և հագուստով բեմ կբարձրանա: Քանի որ երգը`  «Apricote stone»-ը անմիջական կապ ունի մեր երկրի բրենդի` ծիրանի հետ, որոշեցի նրա քանդակի հագուստը ծիրանագույն  անել: Հավատացեք, այս հագուստով Եվան շատ գեղեցիկ է ու հայեցի: Իրականում լավ կլիներ, որ  Եվան  նույնպես Եվրատեսիլում  ներկայանար հայկական  ծիրանագույն տարազով»,- խորհուրդ է տալիս Հերմինեն:

Եվա  Ռիվասը ոսկրե քանդակում ծիրանի կորիզով լի զամբյուղը ձեռքին է, իսկ  հագուստին  ամրացված են  ծիրանի ճյուղեր: Հերմինեի համար ոչ միայն ծիրանի կորիզն է խորհրդանշում նոր կյանքի սկիզբը, այլև ցորենի հասկը,  և նա ցորենի հասկերն ու ծիրանի կորիզները շաղ տալով երգչուհու ոտքերի առջև` նրան ուղեկցում է  «Եվրատեսիլ»` հաղթանակի:

Դիտվել է 1779 անգամ:
Print Friendly

Leave a Reply