Ապտակ հասարակության ճաշակին
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | May 28, 2010 9:50
Փոքրամարմին Կոկո Շանելն իր հաստատակամության, համարձակության ու քաջության շնորհիվ կարողացավ ստիպել ողջ աշխարհին հիանալ իրենով.«Իմ հագուկապով հաճախ եմ արժանացել շրջապատի ծաղրին: Սակայն, հենց դա է եղել իմ հաջողության գաղտնիքը: Ես տեսքով տարբերվում էի բոլորից»,- ասում էր նա:
Հրաշագործը
Շանելը նորաձևության աշխարհ ներմուծեց արևահար մաշկը, կարճ կտրվածքը, բիժուտերիան, ստեղծեց «փոքրիկ սև զգեստը», հանրահայտ «Շանել N 5»-ը և , վերջապես, մի ոճ, որը հարատևում է մինչ օրս: Ընդ որում, նա չէր սիրում, երբ իր գործունեության մասին խոսում էին ինչպես բարձր արվեստի մասին, նա իրեն նույնիսկ նկարչուհի չէր համարում: «Հրաշագործ» բառն էր դուր գալիս նրան:
Որբը
Գաբրիել Շանելի ծննդյան թիվը ստույգ չէ, բայց ընդունված է համարել, որ նա ծնվել է 1883-ին: Վաղ հասակում կորցրել է մորը, իսկ հայրը աղջկան քրոջ հետ հանձնել է որբանոց: Դրանից հետո նա Աստվածամոր պանսիոն է տեղափոխվել, ուր անցկացրել է 3 տարի: Այստեղ նա սովորել է ժանյակներ հյուսել,«մեջքն ուղիղ պահել» ու երազել մեծ սիրո մասին:
Առաջին սերը
1905 թ. որոշել է կյանքը դասավորել ու այդ նպատակով մեկնել է Վիշի, որը հայտնի էր հանքային ջրով, գոլֆի դաշտերով ու հարուստ չամուսնացած տղամարդկանցով: Գոլֆի դաշտերից մեկում ծանոթանում է քաջարի սպա Էթյեն Բալսանի հետ, որն այդպես էլ Շանելին ամուսնության առաջարկ չարեց, սակայն օգնեց գավառական Մուլենից տեղափոխվել ու հաստատվել Փարիզում:
Կոկոյի ծնունդը
Գաբրիել Բոներ Շանելը Կոկո մականունը ստացել է Մուլենի կաբարեներից մեկում, որտեղ հանդես էր գալիս թեթև երգերով: Դրանցից մեկը կորած շնիկի մասին էր ու կոչվում էր «Ո՞վ է տեսել Կոկոյին»: Այն սիրված էր կաբարեի այցելուների շրջանում:
Առաջնելույթը
Հասկանալով, որ երբեք երգչուհի չի դառնա, Շանելը քրոջ պնդմամբ սկսեց «գործով զբաղվել»: Նա խանութից գլխարկների կիսապատրաստվածքներ էր վերցնում, իր ճաշակով կարում ու զարդարում: Շուտով Գաբրիել Շանելի լայնեզր գլխարկները սկսեցին մեծ հաջողություն վայելել:
Ինքնաորոնման ուղին
Գաբրիել Շանելն անմիջապես չգտավ իր կոչումը: Նա երկար փայփայեց երգչուհի դառնալու հույսերը: Անտրեպրենյորները պնդում էին, որ նա վատ է պարում և չափազանց բարալիկ է: Գաբրիելը փորձեց գիրանալ և վոկալի դասերի էր գնում: Սակայն դրանից ավելի շատ համառություն էր կուտակում, կոփում բնավորությունն ու իր ուզածին հասնելու ձգտումը: «Գործում ես իսկական վագր էի: Քիչ-քիչ հաղթահարեցի կյանքը, ավելի ճիշտ` սովորեցի նրանից պաշտպանվելու միջոցներ գտնել»- հիշում էր նա:
Քայլ առ քայլ
1914-ին իր սիրեցյալ Արթուր Կեյպելից գումար փոխ առավ, և առողջարանային Դովիլ քաղաքում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել էր փարիզյան արիստոկրատիան, բացվեց Կոկոյի բուտիկը: Շուտով Կոկոն ճանաչված ու ազդեցիկ պատվիրատուներ ձեռք բերեց:«Նրանց գլխարկներից բացի, ուրիշ կուտյուրեների բացակայության պատճառով հագուստ էլ էր անհրաժեշտ»,- հիշում է Կոկոն: Շուտով նա մի բուտիկ էլ բացեց Բիարիցցայում: Իսկ պատերազմի ավարտին արդեն նրա բացած նորաձևության տանն աշխատում էր 300 մարդ: Այդ հաջողության շնորհիվ Կոկոն գումարներ վաստակեց ու կարողացավ Արթուրին վերադարձնել պարտքը:
Միայնակ
1919-ին Գաբրիել Շանելի կյանքը կտրուկ փոխվեց: Ավտովթարից մահացավ Կեյպելը: «Նրան կորցնելով` կորցրեցի ամեն ինչ,-գրում է Կոկոն:- Գլխովին թաղվեցի աշխատանքի մեջ և օրերով արհեստանոցից դուրս չէի գալիս»: Եվ միայն 1920 թ., երբ նրա մոդելները Փարիզում հաջողության հասան, Կոկոյի դեմքին կրկին ժպիտ հայտնվեց:
Վերադարձ
1941-ին, թողնելով աշխատանքը, Գաբրիելը մեկնեց Ամերիկա: Պատերազմից հետո 10 տարի ապրեց Շվեյցարիայում և միայն 1954-ին վերադարձավ Փարիզ: «Ես այլևս չէի կարող տեսնել, թե նորաձևության գլխին ինչ են անում Դիորն ու Բալմենը»,- իր վերադարձը պատճառաբանեց նա:
Շանել N 1
Շանելը կուտյուրեներից առաջինն էր, որ համարձակվեց իր օծանելիքն արտադրել: Շանել N 1-ի կոմպոզիցիան 1921-ին ստեղծել էր Ռուսաստանից արտագաղթած Էռնեստ Բոն:
Իմպերիան կառուցողը
1957-ին` նրա հավաքածուի ցուցադրությունից հետո, աշխարհը կրկին ու արդեն հավետ Շանելին ճանաչեց իբրև նորաձևության օրենսդիր: Նա հաղթանակը նշեց մտերիմների շրջանում, իր Մոդայի տան դերձակների շրջանում, որը շուտով վերածվեց իսկական CHANEL-ի իմպերիայի:
Կյանքի կանոնագիրք
Կոկո Շանելը կանանց համար մի համընդհանուր կանոնագիրք կազմեց. «20 տարեկանում ձեր դեմքը համապատասխանում է նրան, ինչ բնությունն է տվել, 30-ում այն կյանքի կերտածն է, բայց 50 տարեկանում դուք անձամբ պիտի վաստակեք այն… Ոչինչ այնպես չի ծերացնում, ինչպես երիտասարդ երևալու ձգտումը: 50 տարեկանում ոչ ոք երիտասարդ չէ, սակայն ճանաչում եմ 50-ամյա մարդկանց, ովքեր ավելի գրավիչ են, քան վատ խնամված երիտասարդ կանայք»:
Տղամարդը և կինը
Գաբրիել Շանելը երբեք ամուսնացած չի եղել ու երեխա չի ունեցել: Տղամարդկանց մասին սրախոս Կոկոն ասում էր.«Մի ամուսնացեք այն տղամարդու հետ, որի դրամապանակը միայն մանրադրամի համար է»,-ակնարկելով իր մեծաքանակ երկրպագուներին, որոնցից միայն եզակիներն էին նյութական աջակցություն ցույց տալիս, մյուսներն ապրում էին Կոկոյի հաշվին:
Սիրելի «տղան»
«Արթուր Կեյպելը (Բոյ մականունով) իմ կյանքի ամենամեծ հաջողությունը դարձավ: Ի դեմս նրա` ես գտա մի մարդու, ով «ապաբարոյացրեց» ինձ… Նա գիտեր` ինչպես իմ մեջ զարգացնի յուրահատուկ լինելը` մնացած ամեն ինչի հաշվին»,- խոստովանել է Շանելը:
Հավատարիմ ընկերը
Երիտասարդ կիևցի պարող Սերգեյ Լիֆարեի մեջ առաջինը Կոկոն նկատեց տաղանդը և համոզեց Դյագիլևին ընդունել իր պարախումբ: Հետագայում» Սերժ Լիֆառը Կոկոյի հավատարիմ ընկերը մնաց մինչ նրա մահկանացուն կնքելը:
Կապերը վերևներում
Ուինսթոն Չերչիլը Շանելի մասին ասել է.«Նա իմ ճանաչած այն ուժեղ ու խելացի կանանցից մեկն է, ում հետ գործ եմ ունեցել»:
Բանաստեղծի խոստովանությունը
Ժան Կոկտոն Շանելի մասին ասել է,«Նա իր ժամանակի մեծագույն կուտյուրեն է»:
Միակը
Շանելի սիրեկանների մեջ շատ էին հանրահայտներն ու տիտղոսակիրները: Նրանց կողմից ամուսնական առաջարկություններին Կոկոն նույն պատասխանն էր տալիս.«Հերցոգուհիները շատ են, իսկ Կոկո Շանելը` մեկը»:
Նեքնաշխարհը
Բոլորին հետաքրքրում էր, թե ինչպես է Շանելը կարողանում հասուն տարիքում էլ պահպանել աշխուժությունն ու էներգիան: Քչերը գիտեին, որ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ: Կյանքի վերջին տարիներին ուժեղ քնաբերներ էր ընդունում, քանի որ տառապում էր լուսնոտությամբ, ինչի պատճառով գիշերները կապում էին մահճակալին: Իսկ 1970-ին երկու ամսով նրա ձեռքն ընդարմացավ: Սակայն, այդ ամենը չէր խանգարում հետևել արտաքինին: Ամեն օր առավոտյան ժամը 9-ից նրան այցելում էր դիմահարդարը, իսկ հետո, մանրակրկիտ ձևով հագուստն էր ընտրվում: Նա մինչև վերջ էլ հավատացած էր, որ արտաքին տեսքն ուղիղ համեմատական է տրամադրությանը: «Սեփական խնամքը պետք է սրտից սկսել, հակառակ դեպքում դիմահարդարման ոչ մի պարագա չի օգնի»,-սիրում էր կրկնել նա: Շանելի սիրտը դադարեց բաբախելուց 1971 թ. հունվարի 10-ին:
Առանց հանգստի
Ընկերները հավատացնում էին, որ աշխատանքից Գաբրիելան երիտասարդանում էր: Մինչև կյանքի վերջին օրերը Կոկո Շանելը չի դադարել զբաղվել սիրած գործով: «Ինձ ոչինչ այնպես չի հոգնեցնում, ինչպես հանգիստը»,-հաճախ հայտարարում էր նա:
“Биография”, 2009թ., N8






Facebook
Tweet This
Email This Post
