Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը և Հայաստանը – 3
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Վահան Դիլանյան | May 28, 2010 10:00
Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ
Համաշխարհային քաղաքականության սկզբունքային դերակատարները պետություններն են, բայց նրանք միակը չեն: «Մեծ համակարգը» բաղկացած է պետություններից, միջազգային կազմակերպություններից, վերազգային ընկերություններից, մասնավոր դերակատարներից:
TNC-երի (վերազգային կորպորացիաների) թիվն այնքան է աճել, որ մարտահրավեր է նետել համաշխարհային քաղաքականության պետականակենտրոն հայեցակարգին: Այդ կազմակերպությունները նաև որակապես են աճել և նույնիսկ պետությանը բնորոշ գծեր ձևավորել:
Ինչպես Worldwatch Institute-ի նախագահ Լեստեր Բրաունն է նշել. «Ասում էին, թե արևը երբեք մայր չի մտնում Բրիտանական կայսրությունում: Այսօր արևը մայր է մտել Բրիտանական կայսրության համար, բայց ոչ համաշխարհային այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են IBN-ը, Unilewer-ը, Hitachi-ն, Volkswagen-ը»:
Սառը պատերազմի ավարտից հետո, երբ վերացավ գաղափարախոսական առճակատումը, և ծայր առավ, այսպես ասած, «գաղափարախոսական սովը», մարդիկ սկսեցին իրենց բավարարել կա՛մ կեղծ գաղափարախոսություններով, կա՛մ էթնիկական ու մշակութային, հիպերազգայնական ու կրոնական շարժումներով: Վերջինս, ազգային նոր պետությունների ծնունդից բացի, հանգեցրեց վերազգային կամ ոչ պետական նոր դերակատարների կշռի բարձրացման: Նոր դերակատարները դարձան համաշխարհային քաղաքականության կարևոր բաղկացուցիչներ: Եվ այսօր դժվար է, առանց նրանց հաշվի առնելու, վերլուծել համաշխարհային քաղաքականությունը և պետությունների վարքագիծը:
Պետությունները, ներառյալ ամենահզորները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ Չինաստանը, հարկադրված են մեծ ուշադրություն դարձնել ոչ պետական դերակատարներին, որպեսզի կարողանան պաշտպանել սեփական շահերը:
Վերաձևակերպելով Մարգարետ Թետչերի խոսքը` կարելի է ասել, որ «ներկայիս բաց սահմանների աշխարհը` իր շարժուն կապիտալով, միջազգային տնտեսական ինտեգրացիայով, անմիջական կապերով և տեղեկատվությամբ, որը ստանալու համար բավական է համակարգչային մկնիկի մի հպում, անկասկած, ամենևին նման չէ անցյալում մեզ հայտնի աշխարհին»:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն սկզբունքով եզրակացնում է, որ «պետականությունն այն տեսքով և այն պատկերացմամբ, որ առկա է այսօր, <…> մոտենում է իր վախճանին: Նրան փոխարինելու են գալիս հասարակության կազմակերպման որակապես նոր` ցանցային ձևեր, ինչը ենթադրում է ինքնակազմակերպման հիման վրա մարդկանց ազատ միավորում որոշակի ցանցում…»:
Իսկապես, գիտական ու տեխնիկական առաջընթացի արդյունքները վկայում են, որ իրական աշխարհից բացի, գոյություն ունի նաև վիրտուալ աշխարհ, կամ իրական աշխարհը գոյություն ունի նաև վիրտուալ մակարդակում: Այստեղ վերահսկողություն, որպես այդպիսին, չկա կամ խիստ նվազ է. նույնիսկ յուրաքանչյուր համացանցային օգտագործող կարող է սահմանել այդ վերահսկողության չափը: Այլ կերպ ասած, եթե մարդու իրավունքներն ու պարտականությունները փողոցում, ուսումնական հաստատությունում կամ աշխատավայրում վերահսկում է պետությունը, ապա նրա գործունեությունը վիրտուալ աշխարհում վերահսկելի չէ, կամ կիբեռանվտանգությունը դեռևս կատարյալ չի գործում:
Ասվածից պարզ է դառնում, որ անհատը նույնպես համաշխարհային քաղաքական համակարգի բաղադրիչ է և վերազգային կազմակերպությունների հետ ամբողջացնում է այդ «մեծ համակարգը»:
Այս ամենը հանգեցնում է գլոբալ պոլիարխիայի կամ բազմաշերտ համաշխարհային կառավարման վերաբերյալ պատկերացման:
Յուրաքանչյուր պետության քաղաքականության մշակում պետք է հաշվի առնի ոչ պետական դերակատարների և նոր պայմանների փաստը, որպեսզի կարողանա համարժեք արձագանքել XXI դարի առաջադրած խնդիրներին: Հակառակ դեպքում, ինչպես Թետչերն է նշում, պետությունները, որոնք սխալներ են թույլ տալիս մարդկանց ու ռեսուրսների կառավարման գործում, չեն կարող հաղթահարել առկա հիմնախնդիրները:
Պետականակենտրոն հայեցակարգի քննադատները նշում են նաև համաշխարհային նոր տեսակի հիմնախնդիրների` որպես պետության դերի անկման գործոն-պայմանի ի հայտ գալը, այնպիսի հիմնախնդիրների, որոնք առանձին պետություններն ի վիճակի չեն լուծելու կամ հաղթահարելու. միջուկային սպառնալիք, գլոբալ տաքացում, աղքատություն, գերբնակեցվածություն, բնական ռեսուրսների անբավարարություն ևն:
Բայց եթե անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգում պետություններն առանձին միավորներ են և պայքարում են միմյանց դեմ, այնուամենայնիվ, չի բացառվում նրանց համագործակցությունը: Դրա համար համաշխարհային համակարգում գործում են դաշինքներ (ալյանսներ): Ասենք` գլոբալ տաքացման կամ համաշխարհային տեռորիզմի դեմ պայքարում պետությունները, կարելի է ասել, համախմբվում են:
Այս դեպքում է, որ կարևորվում է դիվանագիտության` անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգի առկայությամբ սահմանափակված դերը: Որակյալ դիվանագիտությունն ամեն դեպքում շարունակում է և կշարունակի իր գործառույթներով ծառայել միջազգային կարգին. պետությունների և համաշխարհային քաղաքականության այլ միավորների միջև բանակցությունների ձեռնարկում, պայմանագրային բանակցություններ, օտար երկրների մասին տեղեկատվության հավաքում, բռնությունը նվազեցնող գործոն կամ գոնե որպես պետությունների քաղաքականության խորհրդանշական բաղադրիչ:
Նեոլիբերալների կարծիքով` անարխիկ համակարգի «քանդող» բնույթը կնվազի, եթե պետությունները համագործակցեն: Պետությունները պետք է մտածեն ոչ միայն իրենց եկամտի, այլև բացարձակ (ընդհանուր) շահի մասին: Օրինակ` պատերազմը կանխատեսելի երևույթ չէ, բայց կարող է կանխվել համագործակցության միջոցով: Միջազգային կազմակերպությունները, ինչպես, օրինակ` ՄԱԿ-ը, ԵՄ-ն կամ այլ տարածաշրջանային կազմակերպություններ, համաձայն լիբերալների, այդօրինակ համագործակցության օրինակ են:
Իսկապես, որպեսզի խուսափեն երրորդ աշխարհամարտից, եվրոպական երկրները որոշեցին այնպիսի ամուր տնտեսական կապեր ստեղծել միմյանց հետ, որ մեկի հնարավոր ագրեսիան մյուսի դեմ կքանդի ոչ միայն սեփական, այլև ողջ համակարգը. ստեղծվեց Եվրամիությունը:
Շատերն, այնուամենայնիվ, նվազ հնարավոր են համարում միջազգային համագործակցության և միջազգային կառույցների արդյունավետ դերը, նշելով, որ անարխիստական համաշխարհային համակարգում ռացիոնալ դերակատար-պետությունները մտահոգված են սեփական շահերով, և հզորության ձգտումն է, այնուամենայնիվ, մնում պետության վարքագծի հիմնական բացատրությունը:
Բայց պետությունները, չնայած իրենց բնորոշ էգոիզմին, երկարաժամկետ շահերի համար համագործակցում են. պետությունը ստրատեգիապես է մտածում, և նրա խնդիրը շահի մաքսիմալացումն է` անկախ այն հանգամանքից, թե ինչ մեթոդ է կիրառում: Սրանից ելնելով` կարելի է պնդել, որ կարող են համագործակցել անգամ «ամենաանարխիստ» պետությունները:
Այսպիսով, միջազգային կամ վերազգային կազմակերպությունների առկայությունը դեռևս չի մերժում համաշխարհային քաղաքական համակարգում պետությունների գերակա ու սկզբունքային դերի մասին հայեցակարգը:
Բացի այդ, ինչպես Մարտին Վոլֆն է պնդում, պետությունները դեռևս պահպանում են իրենց նշանակությունը, որովհետև իրենք են հաստատում իրավական սահմանները, երկրորդ` որովհետև պետությունը օգնում է զարգացնելու ինքնապահպանման զգացումը, մանավանդ երբ սահմանները համապատասխանում են առանձին ազգի զբաղեցրած տարածքներին (իսկ գլոբալացման պայմաններում մարդկանց ինքնապահպանման ձգտումն ուժեղանում է): Եվ երրորդ` միայն պետություններն են տիրապետում բռնության գերակա իրավունքին, այսինքն` սեփական տարածքում հանցագործությունները ճնշելու և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու իրավունքին:






Facebook
Tweet This
Email This Post
