Դատարանում են հարսն ու սկեսուրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2010 13:33

Այսօր Վարչական դատարանը դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ  քննեց Երևանի բնակիչ Սիրվարդ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի Նոր-Նորք տարածքային ստորաբաժանման: Գործում որպես երրորդ անձ ներգրավված են Մարտիրոսյանի հարսը՝ Կարինե Գրիգորյանը,  ու երկու անչափահաս թոռները:

Մարտիրոսյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Կադաստրի կողմից հարսին և թոռներին տրված սեփականության իրավունքի վկայականը համատեղ բնակարանի 27 քմ տարածի նկատմամբ /Մարտիրոսյանը բնակարանի մնացած մասի՝ 12 քմ-ի սեփականատերն է/:  Կարինե Գրիգորյանին, նախկին ամուսնուն և երեխաներին բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է տրվել

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի  1999-ի մարտի 18-ի վճռով, որը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Նախնական դատաքննությանը չէր ներկայացել Կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը, որն այս գործում պատասխանող կողմ է: Դատարանը որոշեց առանց պատասխանող կողմի դատաքննություն իրականացնել՝ պարզելու գործի հանգամանքները:

Գործի երրորդ անձ Կարինե Գրիգորյանը վիճարկեց Սիրվարդ Մարտիրոսյանի պատշաճ հայցվոր լինելու փաստը: Նրա խոսքով՝ անգամ եթե իրեն և երեխաներին սեփականության իրավունքից զրկեն, սկեսուրը բնակարանի երկու սենյակների
նկատմամբ սեփականության իրավունք չի ստանա, ուստի և իրավասու հայցվոր չէ:

Դատավոր Հակոբյանը փորձեց պարզել, թե որտեղից է առաջացել ՍիրվարդՄարտիրոսյանի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ: Սակայն քանի որ ներկայացված փաստաթուղթը թերի էր՝ քաղաքապետարանից տրված քաղվածքը ստորագրված էր Նոր Նորքի թաղապետի կողմից, ապա դատական նիստը հետաձգվեց՝ մինչև անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը:

Նախնական դատաքննության հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply