Արդյո՞ք կհարթվի հարցը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 27, 2010 10:20

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան մեր երկրի ներկայացուցիչներին որակազրկել է անորոշ ժամանակով: Համենայն դեպս, այդ մասին գրված է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքում: Ավելին, Հայաստանի ազգային ընտրանու միավորները հանված են  ազգային հավաքականների դասակարգման աղյուսակից և մեր թիմը զբաղեցնում է վերջին` 49-րդ հորիզոնականը: Սակայն Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը, նոր վերադառնալով  Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի համաժողովից, վստահեցնում է, որ այդպիսի բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը և Հայաստանի ներկայացուցիչներին հնարավորություն են տվել մինչև սեպտեմբեր կարգավորել փաստաթղթերը: Հիշեցնենք, որ այս ամենը կապված է այս տարվա ապրիլին Երևանում կայացած C խմբի աշխարհի առաջնության մրցաշարի հետ, որի ժամանակ Հայաստանի հավաքականի կազմը համալրել էին ամերիկյան թիմերում խաղացող մեր մի շարք հայրենակիցներ, և նրանց փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ծագել: Ջաղացպանյանը համոզված է, որ հարցը կհարթվի և մերոնք հաջորդ տարի կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որում կմրցեն Հարավաֆրիկյան Հանրապետության, Լյուքսեմբուրգի, Մոնղոլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Իսրայելի հավաքականների հետ:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply