Թուրքական դատարանն արդարացրել է «Հայերը ցեղասպանվել են» պնդմամբ հանդես եկած Օջալանի փաստաբանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2010 21:30

Թուրքական դատարանն արդարացրել է ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլալ Օջալանի նախկին փաստաբան Մեդենի Այհանին, ով 2004 թ-ին Անկարայի փաստաբանների միության գլխավոր խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ հայերը Թուրքիայում ցեղասպանության են ենթարկվել: Ինչպես հաղորդում է  թուրքական «Սաբահ» թերթը, Թուրքիայի արդարադատության նախարարությունն էլ թույլ չի տվել դատախազությանը դատական գործ սկսել Մ.Այհանի դեմ` նրա արած` «Թուրքիայում ցեղասպանության են ենթարկվել է նաեւ ալեվիները (շիաները)» արտահայտության համար: Թերթը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հետ կապված Մ.Այհանի դեմ դատական գործը բացվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի հայցի հիման վրա:

«Հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել: Օսմանյան կայսրությունը 1915 թ-ին քրդական «Համիդիե բրիգադների» եւ «Իթթիհադ եւ Թերաքիի» իր կադրերի միջոցով 1,5 մլն հայ է բնաջնջել: Ես կիսում եմ հայ ժողովրդի ցավը եւ հարգանքով խոնարհվում եմ նրա առաջ: Թուրքիայում բնակվող 30 միլիոնանոց քուրդ ժողովրդի իրավունքները չեն հարգվում եւ չեն ճանաչվում: Ես խոսում եմ որպես քուրդ ազգի ներկայացուցիչ եւ Քրդստանի քաղաքացի, ու մինչեւ վերջ պաշտպանում եմ պետություն ստեղծելու քրդերի իրավունքը», -Թուրքիայի փաստաբանների խորհրդում ունեցած ելույթում ասել էր Մ.Այհանը: Ազգությամբ քուրդ փաստաբանին հակազդել են թուրք փաստաբանները, իսկ դրանից անհանգստացած, այն ժամանակ Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ Ի.Բաշբուղը նրա դեմ դատական հայց է ներկայացրել Անկարայի 10-րդ քրեական դատարան: Վեց տարի շարունակված դատական գործընթացի ավարտին դատարանը այսօր որոշել է, որ Մ.Այհանի հայտարարությունը գտնվում է մարդու ազատ արտահայտվելու իրավունքի շրջանակում:

«Հետաքրքրական է` արդյոք ներկայում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը կբողոքարկի դատարանի այդ որոշումը, թե ոչ», -հարցադրել է թերթը` նշելով, որ հատկանշանական է նաեւ այն փաստը, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը չի թույլատրել նաեւ Մ.Այհանի նկատմամբ դատական գործընթաց սկսել նրա արած` «Թուրքիայում ցեղասպանության են ենթարկվել նաեւ քրդերն ու ալեվիները» արտահայտության համար:

Դիտվել է 1883 անգամ:
Print Friendly

Leave a Reply