Հանրակրթական դպրոցներում արձանագրվել է աշակերտների մոտ 3 300 գործերի բացակայություն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2010 20:51

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցներում այս տարի արձանագրել է աշակերտների մոտ 3 հազար 300 գործերի բացակայություն: Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այդ գործերը հանվել են դպրոցներից, որոնց մի մասն այնուհետեւ ոչ մի դպրոցում չի գրանցվել, իսկ որոշ թվով գործեր հայտանբերվել են մեկ դասարան բարձր` ավարտական դասարաններում:

«Շուրջ 100 գործ ենք հանել Գնահատման եւ թեստավորման կենտրոնից` որպես հայտագրված քննություն հանձնողների գործեր, քանի որ այդ աշակերտներն իրականում ավելի ցածր դասարաններից են: Ավելի վաղ քննություն հանձնելու համար դպրոցներում դիմել են «համապատասխան» քայլերի` այդ երեխաների ավարտական եւ միասնական քննություններն այս տարի կազմակերպելու համար»,- բացատրեց նախարարը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կրկին կոչ արեց հանրությանը եւ հատկապես աշակերտների ծնողներին, որ 2011 թ-ին շրջանավարտ չլինելու պատճառով չընկնեն խուճապի մեջ եւ չփորձեն անուղղակի ճանապարհներով մեքենայությունների դիմել: «Էքստեռն քննություններ չեն լինի թե պետական, թե մասնավոր ու էքսպերիմենտալ դպրոցներում: Մի’ հավատացեք այն բոլոր խոստումներին, որոնք կարող են հուսադրել ձեզ, թե կարող են «դասավորել» եւ ձեր երեխաների համար դպրոցում մեկ դասարանի թռիչք ապահովել: Մենք հետեւում ենք ողջ գործընթացին»,- ավելացրեց նախարարը:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply