Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2010 20:43

Մայիսի 26-ին Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր հավատարմագրերը հանձնել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ Ուկրաինայի Նախագահը շնորհավորեց ՀՀ դեսպանին Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ`խոստանալով ամենայն աջակցություն նրա գործունեության ասպարեզում:

Զրույցի ժամանակ կողմերը քննարկեցին հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Նշվեց երկու երկրների քաղաքական ղեկավարների պատրաստակամությունը հարաբերությունները որակական նոր մակարդակով կառուցելու, փոխշահավետ բազմակողմանի համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

Առանձնակի կարևորվեց քաղաքական ղեկավարության, իշխանության տարբեր թևերի ղեկավարների մշտական աշխատանքային կապը, փոխադարձ այցելությունները:

Մեծ կարևորություն տրվեց երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ ավելացման, առկա հնարավորությունների առավել արդյունավետ և նպատակային օգտագործման հարցերին:

Կողմերը կարևորեցին նաև միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների առավել սերտ համագործակցությունը:

ՀՀ դեսպանը, հայտնելով իր երախտագիտությունը բարեմաղթանքների համար, նշեց , որ ինքը կանի ամեն ինչ հայ-ուկրաինական դարավոր բարեկամական կապերը զարգացնելու և ամրապնդելու, երկու երկրների միջև հարաբերությունները և համագործակցությունը բարձր մակարդակով, հայ եւ ուկրաինացի ժողովուրդների արժեքային համակարգին վայել և համապատասխան կազմակերպելու համար:

Ջերմ մթնոլորտում անցած զրույցի ժամանակ կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply