Այգեգործության ոլորտը զարգացումը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն է տալիս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2010 20:39

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ` «Թամարա ֆրուտ» ՓԲԸ օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով։ «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ն մեկն է այն մասնավոր ընկերություններից, որին կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում օպերատիվ շտաբի շնորհիվ հատկացվել է 300 մլն դրամ սուբսիդիա` օրգանիկ այգիների ստեղծման համար։ Դրանից արդեն ծախսվել է մոտ 170 մլն. դրամ։
Ծրագրով նախատեսվել է ընկերության արտադրական եւ այգեգործական բազայի հիման վրա ձեւավորել ազնվամորու, մոշի, սեւ եւ կարմիր հաղարջի բարձր բերքատու օրգանիկ տնկարան, որը երկու տարվա ընթացքում կապահովի 450.000 տնկի։ Դրանք կբավարարեն ծրագրով նախատեսված ոչ միայն 60, այլեւ 65-70 հա այգիների ստեղծման համար։ Սա ենթադրում է, որ մինչ ծրագրի ավարտը հանրապետությունում կստեղծվի շուրջ 600 աշխատատեղ։
Ծրագրի մեկնարկից հետո, 2009 թ.-ի ընթացքում շուրջ 20 հա տարածքով օրգանիկ այգիներ են ստեղծվել Վայոց ձորի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ազատամուտ համայնքի օրգանիկ այգի, շրջել այնտեղ, ծանոթացել պայմաններին եւ ձեռքբերումներին։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ բոլոր մարզպետները գյուղատնտեսության նախարարություն ներկայացնեն գյուղացիական տնտեսությամբ զբաղվող այգեգործների ցանկը, որպեսզի բացահայտվի օրգանիկ տնտեսությամբ զբաղվող գյուղացիների իրական ներուժը` հետագայում օրգանիկ գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացնելու համար։ Այս հարցի կապակցությամբ վարչապետն ավելի ուշ լրագրողների հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ նշել է. «Մենք հետեւողական ենք լինելու բոլոր մարզերում այս ծրագրի իրականացմանը, քանի որ ծրագիրը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը։ Մենք ունենք արտահանման մեծ պոտենցիալ, որի ծավալը հասնում է տարեկան 250 մլն դոլարի։ Եվս մեկ անգամ արձանագրեցինք, որ օրգանիկ գյուղատնտեսական մթերքների հանդեպ եղած պահանջարկը գրեթե երկու անգամ գերազանցում է մեր այսօրվա հնարավորություններին»։ Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ արդեն կա 100 հազարից ավելի տնկի։ Դրանք կտրամադրվեն այն գյուղացիական տնտեսություններին, որոնք պատրաստ են զարգացնել այգեգործությունը։ Վարչապետը նաեւ նշել է, որ այդ ոլորտը արագ տեմպերով առաջ գնալու հնարավորություն ունի։
Ազատամուտում կառավարության ղեկավարը եղել է նաեւ կաթի մթերման կայանում եւ ծխախոտի չորանոցներում։
Այնուհետեւ վարչապետն այցելել է Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» ընկերությանը պատկանող տուրիստական կենտրոն, որը ոչ միայն զբոսաշրջությունն է խթանել մարզում, այլեւ ստեղծել է նոր աշխատատեղեր։
«Տուրիզմի պոտենցիալի գնահատման տեսակետից անհրաժեշտ է ուսումնասիրել Ենոքավանի փորձը։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա տուքրիստական գործակալություններ արդեն տեղյակ են Ենոքավանի մասին։ Վերջինիս փորձի տարածումը այլ մարզերում կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը, քանի որ համահունչ է կառավարության տարածքային համաչափ զարգացման հայեցակարգին»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply