Մինսկում անցկացվել են «Բելառուս-Հայաստան» գործարար համագործակցության օրեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2010 16:53

Ս.թ. մայիսի 24-26-ը Մինսկում անցկացվեցին «Բելառուս-Հայաստան» գործարար համագործակցության օրեր` կազմակերպված երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների կողմից:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին «Ինսի» ՓԲԸ, «Արմինկո» ընկերության, «ԲելԱր» առևտրի տան, «Հայէլեկտրոմաշ» ԱՁ, «Էլեկտրոն» ԱՁ, «Կոալա» ՍՊԸ և «ՉինՎան» ՍՊԸ ներկայացուցիչները:

Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները հանդիպեցին Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյին, ծանոթացան Մինսկ քաղաքի առևտրատնտեսական և արդյունաբերական հնարավորություններին, այցելեցին Բելառուսում Հայաստանի դեսպանություն – ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչություն:

Մայիսի 25-ին Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի կենտրոնակայանում կայացած «Բելառուս-Հայաստան» գործարար համագործակցության օրերի պաշտոնական բացմանը ելույթով հանդես եկավ նաև Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, որը կարևորեց Հայաստանի և Բելառուսի գործարար շրջանակների միջև անմիջական կապերի հաստատումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին Երևանի և Մինսի ու Մոգիլյովի և Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Հայաստանից ժամանած գործարարների հետ հանդիպելու և բանակցություններ անցկացնելու ցանկություն էին հայտնել 34 բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներ, օրինակ` Բելտելեկոմ, Պինսկդրեվ, Նեֆտեստրոյէքսպորտ, Բելմագիստրալավտոտրանս, Մինսկի տրակտորների գործարան:

Երկու երկրների գործարար շրջանակների միջև կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեցին հայ-բելառուսական առևտրատնտեսական գործակցության զարգացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ, նախանշվեցին հետագա աշխատանքների ուղղություններ:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply