Հայաստանում 2010թ-ի առաջին չորս ամիսներին կենսաթոշակ է նշանակվել 9 365 անձի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2010 16:19

Հայաստանում 2010 թ-ի առաջին չորս ամիսներին կենսաթոշակ է նշանակվել 9365 անձի: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, նրանցից 7733-ին նշանակվել է ապահովագրական կենսաթոշակ, 1632-ին`սոցիալական:

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 522 հազար 472 կենսաթոշակառու, որոնցից 461 հազար 172-ը ստանում է ապահովագրական կենսաթոշակ, 50 հազար 677-ը`սոցիալական, իսկ շուրջ 8835-ը`շարքային զինծառայության համար նախատեսված: Վազգեն Խաչիկյանը նշեց, որ գազի գնի բարձրացմամբ պայմանավորված` ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ-ի նոյեմբերից կենսաթոշակները կբարձրանան 2500 դրամով. 8000 դրամ հիմնական կենսաթոշակը կկազմի 10 հազար 500, ապահովագրական կենսաթոշակը կհասնի 28 հազար 500-ի: «Կառավարության որոշումը միտված է հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը»,- ընդգծեց Վ. Խաչիկյանը:

Անդրադառնալով 2012 թ-ին կենսաթոշակային ոլորտում նախատեսվող բարեփոխումներին` նա ասաց, որ դրանք կոչված են ապահովել աշխատող սերնդի հետագա կենսաթոշակային իրավունքների իրացումը: Վ. Խաչիկյանի խոսքով, նախատեսվող բարեփոխումներով ՀՀ կառավարությունը նպատակ ունի մեղմել հասարակության սոցիալական լարվածությունը եւ որոշակիորեն կրճատել աղքատությունը: «Հայաստանում կենսաթոշակի չափը շարունակական աճ է ապրում: Վերջին յոթ տարիներին կենսաթոշակները շուրջ 4,5 անգամ աճել են»,- շեշտեց Վ. Խաչիկյանը:

Կենսաթոշակային համակարգի թերություններից նա առանձնացրեց այն, որ չեն բացառվում խախտումները, չարաշահումները, սակայն ամեն ինչ արվում է դրանք վերացնելու ուղղությամբ:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply