“XI-ի հեռանկարները” հյուրընկալում է Բորոդինի անվան քառյակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 26, 2010 15:40

26 Մայիսի 2010 “XI-ի հեռանկարները” հյուրընկալում է Բորոդինի անվան քառյակին “XI-ի հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և փառատոնի հրավերով` մայիսի 26-ին, վեցամյա ընդմիջումից հետո, Երևանում համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի լավագույն լարային քառյակներից մեկը՝ Բորոդինի անվան քառյակը։ Խումբը ավելի քան 60 տարիների իր գործունեության ընթացքում պահպանել է կվարտետային երկացանկի գլուխգործոցների կատարման յուրահատուկ ավանդույթը՝ Դմիտրի Շոստակովիչի հետ ստեղծագործական սերտ հարաբերությունների շնորհիվ` նաև ռուսական երկացանկի հանդեպ հատուկ վերաբերմունքը։ <<Բորոդին>> քառյակի անդամները կվարտետային կատարումներից զատ պարբերաբար համագործակցում են կամերային ժանրում ստեղծագործող այլ ականավոր երաժիշտների հետ /Դմիտրի Շոստակովիչ, Սվյատոսլավ Ռիխտեր, Մստիսլավ Ռոստրոպովիչ, Յուրի Բաշմետ, Ելիզավետա Լեոնսկայա, Նատալյա Գուտման, Էլիսո Վիրսալաձե, Ալեքսեյ Լյուբիմով, Քրիստոֆ Էշենբախ …/ ու նաև հանդես գալիս վարպետության դասերով։ <<Բորոդին>> քառյակը ստեղծվել է 1945 թ. Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների նախաձեռնությամբ։ Քառյակի ներկայիս կազմում հանդես են գալիս Անդրեյ Աբրամենկովը /ջութակ/` 1974 թ.-ից, Ռուբեն Ահարոնյանը /առաջին ջութակ/, Իգոր Նայդինը /ալտ/` 1996 թ.-ից և Վլադիմիր Բալշինը /թավջութակ/` 2007-ից։ 2005 թ. Բորոդինի անվան քառյակը իր հոբելյանական 60-ամյակի շրջանակներում հանդես է եկել Ամստերդամի Քոնսերթգեբաումում և Վիեննայի Մուզիքվերեյնում Բեթհովենի կվարտետների մաբողջական շարքի կատարումներով։ Քառյակի համար 2005 թվականը նշանավորվել է նաև Մոսկվայում, Լոնդոնի Վիգմոր համերգասրահում և Փարիզի Ելիսեյան դաշտերի թատրոնում տեղի ունեցած գալա-համերգներով։ Հոբելյանական այդ տարում խումբը հանդես է եկել նաև Մադրիդում, Ռոտերդամում, Բրյուսելում, Ժնևում, Մյունխենում, Լիսաբոնում, Բարսելոնում, Աթենքում, Քյոլնում, Ստամբուլում, Բեռլինում, Նյու Յորքում՝ կատարելով Մոցարտի, Շուբերտի, Չայկովսկու, Ստրավինսկու, Շոստակովիչի և իհարկե, Բորոդինի ստեղծագործությունները։ Քառյակի 60-ամյակի տոնակատարությունների մաս է կազմել լազերային սկավառակների <<Չանդոս>> ֆիրմայի թողարկած` Բեթհովենի կվարտետների ամբողջական հավաքածուն։ 2005 թ. <<Լավագույն կամերային կատարում>> անվանակարգում <<Գրեմի>> մրցանակի թեկնածու է դիտարկվել <<Օնիքս>> ֆիրմայի թողարկած` քառյակի առաջին ձայնասկավառակը Բորոդինի, Շուբերտի, Վեբեռի և Ռախմանինովի ստեղծագործությունների կատարումներով։ Քառյակի կենսագրականում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև <<Գրամոֆոն>> մրցանակը /1994 թ./, որին նրանք արժանացել են Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունների ձայնագրության համար։ Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում <<Բորոդին>> քառյակը հանդես կգա Բորոդինի /նոկտյուրն/, Շոստակովիչի /կվարտետ թիվ 8/, Չայկովսկու /կվարտետ թիվ 2/ կատարումներով, որով և կեզրափակվի  11-րդ երաժշտական միջազգային փառատոնի գարնանային համերգաշարը։ ՀՀ մշակույթի նախարարությունում <<Բորոդին>> քառյակի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով իր խոսքում գնահատանքի խոսքեր ասաց և կարևորելով քառյակի ակնառու վաստակը համաշխարհային դասական երաժշտության հանրահռչակման, ինչպես նաև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում Բորոդինի անվան քառյակին /ՌԴ/ պարգևատրեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե Մեդալով,այն հանձնելով քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին ու ալտահար Իգոր Նայդինին: 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի նախագահը և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը, գլխավոր մենեջերը՝ Սոնա Հովհաննիսյանը:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply