Երեւանում մեկնարկեց «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով երկօրյա աշխատաժողովը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 26, 2010 14:53

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Եվրամիության եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր Երեւանում մեկնարկեց «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել է ԵՄ-ի «Տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվական փոխանակման գործիք» ծրագրի շրաջանակներւմ: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ աշխատաժողովի քննարկման արդյունքները հիմք պետք է ծառայեն եվրոպական չափորոշիչների համատեքստում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում: «Նախագծում պետք է ամրագրվեն հսկողության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները` հսկողական վարույթի հարուցման եւ իրականացման հիմքերը, դեպքերը, կարգը, սահմանները եւ պայմանները, վարույթի ընթացքում ընդունված ակտերը, դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը, ինչպես նաեւ բողոքարկման ինստիտուտը հսկողական վարույթում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը: ՀՀ դատախազական դպրոցի տնօրեն Գրիգոր Սարգսյանի խոսքով, Հայաստանում շարունակվում են դատաիրավական բարեփոխումները, որոնց համատեքստում մինչեւ 2011 թվականը նախատեսված են դատական իշխանությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններ, համապատասխանեցում եվրոպական չափանիշներին: «Աշխատաժողովի հիմնական նպատակը միջազգային փորձագետների հետ միասին քննարկումների միջոցով առկա խնդիրների լուծումն է: «Եվրոպական հարեւանության քաղաքականություն» ծրագրի շրջանակներում նախատեսված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողություններ, հանցագործության դեմ պայքարի համապատասախան միջոցառումների իրականացում, որոնց ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ»,- ասաց Գ. Սարգսյանը: Աշխատաժողովին մասնակցում են փորձագետներ Հունգարիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից եւ Սլովակիայից, որոնց փորձը այս ոլորտում, ըստ Գ. Սարգսյանի, ուսանելի է բոլորի համար: Իտալիայի ոստիկանության գլխավոր տեսուչ, հակառեկետային հանձնաժողովի անդամ Մաուրիսիո Վարանեսը նշեց, որ ներկայումս ողջ աշխարհում առկա են կոռուպցիոն դրսեւորումներ, որոնք վերջնականապես արմատախիլ անելն այնքան էլ հեշտ չէ: «Պարզապես պետք է կարողանանք որքան հնարավոր է միասնաբար պայքարել այս հանցագործության դեմ: Մեր աշխատանքները միտված են եվրոպական երկրներում անկախ եւ հաշվետու արդարադատության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, արդարադատության մատչելիությանը, դատական ակտերի կատարման, դատաիրավական համակարգի օրենսդրության եւ ռազմավարության բարելավմանը: Մենք ունենք այս ոլորտում մեծ փորձ, սակայն մեզ համար օգտակար է նաեւ Հայաստանի մասնագետների գիտելիքների ուսումնասիրումը: Մենք այստեղ ենք փորձի փոխանակման նպատակով»,- ասաց նա: Նշենք, որ աշխատաժողովին մասնակցում են նաեւ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դատաիրավապահ մարմնի ներկայացուցիչներ:

Դիտվել է 1571 անգամ:

Leave a Reply