Լավ հաշիվ, բայց կանգնած խաղ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2010 14:36

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում 3:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի (նկարում) ներկայացուցիչներին: Հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, ապա  երկու անգամ աչքի ընկավ  Էդգար Մանուչարյանը: Նա մեր թիմի երկրորդ գնդակը խփեց 11 մ-ոց տուգանային հարվածով: Առաջին խաղակեսն ավարտվեց 3:0 հաշվով, իսկ երկրորդում` հյուրերից Ալեքսանդր Գեյնրիխը դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց, որ հանդիպման արդյունքից  գոհ է, բայց թիմի խաղի որակից` ոչ: «Առաջին կեսում ֆուտբոլիստները լավ խաղ ցուցադրեցին, բայց երկրորդում համարյա  չէին տեղաշարժվում, կանգնած էին», – ասաց նա: Մինասյանը նշեց նաև, որ Ուզբեկստանի ընտրանին  բարձր վարկանիշ ունեցող հավաքական է, բայց այս անգամ այն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովն էլ  հայտնեց, որ  իր թիմը շատ անվստահ է սկսել խաղը, բայց հետո ցույց տվել, թե ինչի է ունակ: Թերևս, դեր է խաղացել այն հանգամանքը, Հայաստանի հավաքականը խաղասկզբում շատ մարտական է տրամադրված եղել և արագ արդյունք է հասել: «Մեր համար հանդիպումը շատ անհաջող սկսվեց, արագ գնդակներ բաց թողեցինք, բացի այդ, մնացինք 10 խաղացողով: Ընդմիջմանը  բացատրական աշխատանք տարվեց ֆուտբոլիստների հետ: Երկրորդ խաղակեսում թիմն ավելի վստահ ֆուտբոլ ցուցադրեց, բայց խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց»,- ասաց Աբրամովը: Նա դժգոհ էր վրացի մրցավար Լևան Կվարացխելիայի գործողություններից և  այն կարծիքին էր, որ գլխավոր մրցավարը սխալմամբ է նշանակել  11 մ-ոց տուգանային հարվածը և խաղադաշտից հեռացրեց իր թիմի պաշտպանին` Արտյոմ Փիլիպոսյանին: «Ես հասկացա, որ Թբիլիսին ավելի մոտ է գտնվում Երևանին, քան` Տաշքենդը», – կատակեց նա, ակնարկելով, որ մրցավարը Թբիլիսիից է:

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply