20 չեն ստացել նաև ռուսերենից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2009 18:35

Քննություն«Ռուսաց լեզու» միասնական քննություն հանձնող 1.191 դիմորդներից որևէ մեկը 20 չի ստացել:Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասաց, որ նախօրոք հայտագրված է եղել 1.308 դիմորդ, բացակա`117 շրջանավարտ: 17,5-19 միավոր է ստացել ընդամենը 69 դիմորդ: Անբավարարների քանակը 82 է, միջին միավորը` 12,3: Այս պահին նաև ընթանում է ռուսերենից բողոքարկման գործընթացը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 2-ին:

Մանուկյանի խոսքով` ԳԹԿ-ում հունիսի 24-ից սկսվել է միասնական և ավարտական քննությունների լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը, որը կտևի մինչև հուլիսի 2-ը:

Միասնական լրացուցիչ քննության կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2009 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, հարգելի պատճառով բացակայածները, առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չհայտագրվածները և այն դիմորդները, որոնց բողոքարկման հանրապետական հանձնաժողովը միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն է տվել:

Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ԳԹԿ-ում (Այգեստան 9/4 հասցեով, 10-ից 17.30-ը) լրացնել դիմում-հայտ` ներկայացնելով «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում «160481037341» հաշվեհամարին տվյալ քննության համար փոխանցված 1500 դրամի անդորրագիրը:

Միասնական քննությունների 1500 դրամ վճարից ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply