Եգիպտոսն ուսումնասիրում է Վրաստանի տարանցիկ հնարավորությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 26, 2010 13:17
Եգիպտոսն ուսումնասիրում է Վրաստանի տարանցիկ հնարավորությունները` Ղազախստանում գնվող հացահատիկը երկրի տարածքով փոխադրելու համար: Այդ մասին երեքշաբթի Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբուլ Գեյթը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
«Եգիպտոսը տարեկան 7-8 մլն տոննա ասիական հացահատիկ է ներմուծում երկար ճանապարհով` Ռուսաստանի ու Ֆինլանդիայի տարածքով: Բայց, եթե մենք կարողանանք կրճատել այդ ուղեգիծը` օգտագործելով սեւծովյան հաղորդակցությունը եւ Վրաստանի ցամաքային ուղիները, դա շատ շահութաբեր կլինի Եգիպտոսի համար»,- ասել է Գեյթը: Նա նաեւ հայտնել է, որ Եգիպտոսը հավաստում է շահագրգռությունը` ներդրումներ կատարելու Վրաստանի տնտեսական նախագծերում:
Որպես օրինակ նա բերել է Fresh Electric Company ընկերությունը, որը ծրագրում է ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել Վրաստանում: 1,2 մլրդ դոլար արժեքով ներդրումային նախագծի համաձայն` երեք տարվա ընթացքում Վրաստանում պետք է կառուցվի կենցաղային տեխնիկայի, կահույքի, տեքստիլի, կերամիկական իրերի մի քանի գործարան:






Facebook
Tweet This
Email This Post
