10 մլն դրամ արժողությամբ կես կգ թմրանյութը մարմնից հանել են հոգնայի միջոցով

Օրվա լուր | | June 29, 2009 18:26

tmranyut1Իրենց հետանցքի միջով աղիներում պահած կես կգ ափիոն ներմուծող երկու քաղաքացիներ բռնվել են Իրանի սահմանին։ Մաքսանենգությունը կանխել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները: Ինչպես «Անկախ»-ին տեղեկացրին ՊԵԿ մամուլի ծառայությունից, թմրամիջոցն Իրանից փորձել են ներմուծել Կապանի երկու բնակիչ` Իգոր Նիկողոսյանն ու Արթուր Բարսեղյանը: Ապօրինի ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխող տղամարդկանց Մեղրիի մաքսակետից ուղեկցել են Ագարակի հիվանդանոց, որտեղ նրանց մարմիններից հոգնայի միջոցով դուրս է բերել մոտ կես կգ թմրամիջոցը:

ՊԵԿ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մաքսային ծառայության պրակտիկայում առաջին դեպքն է, որ նման մեթոդով թմրանյութ են տեղափոխում: Նախկինում եղել են դեպքեր, երբ ստամոքսում է հայտնաբերվել թմրանյութը:

ՀՀ առողջապահության նախարարի 2003 թ-ի N 691 հրամանի համաձայն` ափիոնի 25 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Առգրավված կես կգ ափիոնը կարժենա մոտ 10 մլն դրամ(1 գրամ ափիոնն արժե մոտ 20.000 դրամ):

2009 թ. արձանագրվել է թմրանյութերի` հիմնականում ափիոնի և մարիխուանայի մաքսանենգության 5, իսկ հոգեներգործուն նյութերի` 7 դեպք: Թմրանյութերը փորձել են ներմուծել հիմնականում Մեղրիի սահմանային կետով` Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Դիտվել է 1911 անգամ:
Print Friendly

Leave a Reply