Ադրբեջանի շրջաններում գործադիր իշխանության ղեկավարները բնակչությունից հարկադիր «հեղեղումների փող» են սկսել հավաքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2010 23:16

Ադրբեջանի շրջաններում գործադիր իշխանության ղեկավարները բնակչությունից, առեւտրի օբյեկտներից, բյուջետային կազմակերպություններից հարկադիր «հեղեղումների փող» են սկսել հավաքել: Ղազախի շրջանային խորհրդի անդամ Ազեր Մեմմեդլին «Ենի մուսավաթ»-ին հայտնել է, որ Ղազախում գործադիր ղեկավար Ռաուֆ Հուսեյնովի հանձնարարությամբ բնակչությունից համընդհանուր կերպով փող են սկսել հավաքել: «Խանութների, հիմնարկ-ձեռնարկությունների, նունիսկ շրջանի քաղաքապետարանի վրա «վճար» է դրվել: Վճարի չափը, կախված կազմակերպության մեծությունից, տատանվում է 300-5000 մանաթի սահմաններում: Փողը հավաքվում է կանխիկ եւ գործընթացն անձամբ վերահսկում է շրջանի ղեկավարը», -ասել է Ա.Մեմմեդլին: Նրա խոսքերով, իրենց քաղաքապետարանն արդեն հավաքել եւ գործադիր ղեկավարին է հանձնել 900 մանաթ: Ա.Մեմմեդլին հայտնել է, որ տարածաշրջանի բնակչությունն անհանգստացած է, որ իրենց խաբում են: «Քանի որ բոլորը հեռուստատեսությամբ լսել են, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը հայտարարել է, որ հեղեղումների աղետի հետ կապված ոչ մեկի աջակցության կարիքը պետությունը չունի», -ասել է Ա.Մեմմեդլին` հավելելով, որ բժիշկներից եւ դասատուներից փողերը պետք է պահվեն եկող ամսվա սկզբին տրվելիք աշխատավարձից: Թերթը գրել է, որ իրեն հասած տեղեկություններով, նույն գործընթացը մեկնարկել է նաեւ Ադրբեջանի մի քանի շրջաններում:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply