ՀՀ նախագահ Ս.Սարգսյան. «Հայկական բանակի սպաների ու զինվորների մասնագիտական կարողությունների մասին են ասում մեր գործընկերները թե արեւմուտքում, թե արեւելքում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2010 20:30

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում խոսելով հայկական բանակի մարտունակության մասին, նշել է, որ այն մարտի դաշտում ծնված եւ մկրտված կառույց է, եւ բարձրագույն սպայակազմը նախարարի եւ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ ունի ռազմական գործողությունների հարուստ փորձ, ընդ որում` դրական:

«Մեր բանակի սպաների ու զինվորների մասնագիտական կարողությունների մասին են ասում մեր գործընկերները թե արեւմուտքում, թե արեւելքում, երբ միասին մարտական խնդիրներ ենք լուծում կամ զորավարժությունների ենք մասնակցում: Այս ամենով հանդերձ, մեր բանակը ժողովրդավարական վերահսկողության տակ գտնվող կառույց է, թափանցիկ գործողություն ծավալող բանակ: Բանակը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետ: Այն պատրաստ է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Մենք հպարտանում ենք մեր բանակով, բայց միեւնույն ժամանակ երազում այն օրվա մասին, երբ մեր տարածաշրջանում չեն լինի գերհագեցված եւ մեծ բանակներ` համեմատ մեր պետությունների կարողությունների»,- ասել է ՀՀ նախագահը: Ս. Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի գործով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ են, ու եվրոպական կառույցները զբաղվում են եւ այդ խնդրի լուծմամբ, եւ մեր հարաբերությունների կարգավորմամբ:

«ՆԱՏՕ-ն, որքանով ես եմ պատկերացնում, պատասխանատու է Եվրոպայի անվտանգության համար եւ Եվրոպան այլ զինված ուժեր չունի»,- ասել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ ասվածը չի նշանակում, որ եթե վաղը զինված հակամարտություն լինի` ՆԱՏՕ-ն միանշանակ գալու է տարածաշրջան: Նույն խնդրի առնչությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն էլ ասել է, որ ՆԱՏՕ-ն ներքաշված չէ հակամարտության մեջ եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչպես նաեւ իր գործընկերներ Հայաստանին ու Ադրբեջանին: Իսկ այն հարցին, թե ինչ միջոցներ ունի ՆԱՏՕ-ն եւ ինչ կանի ադրբեջանական ագրեսիայի դեպքում նա ընդգծել է, որ ինքը զինված հակամարտութուն չի կանխատեսում:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply