Մամլո ասուլիս Ազգային ժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2010 21:09

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովում հրավիրած մամլո ասուլիսում ներկայացրին մայիսի 13-17-ը ԱԺ պատվիրակության Չեխիա կատարած այցի նպատակն ու արդյունքները:

Պարոն Նիկոյանի գնահատմամբ` հանդիպումների շրջանակը բավական լայն էր, ընդունելությունն էլ` բարձր մակարդակով: Պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի եւ փոխնախագահի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Սենատի նախագահի եւ արտաքին հարաբերությունների հանձանաժողովի նախագահի տեղակալի, ինչպես նաեւ` հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների թեման Լեռնային Ղարաբաղի հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայ-չեխական միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող խնդիրներն էին:

Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ Չեխիայի խորհրդարանը չունի չեխ-հայկական պատգամավորական բարեկամության խումբ, Հայաստանն այդ երկրում, իսկ Չեխիան Երեւանում չունեն դեսպանատներ, ինչը բացասաբար է անդրադարձել միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների սերտացման վրա: Այնինչ Ադրբեջանը, դեռ տարիներ առաջ ստեղծելով երկկողմ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ այդ պայմանները եւ օգտագործելով ստեղծված իրավիճակը, ակտիվորեն աշխատել է քաղաքական շրջանակներում եւ խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներն ու իրական պատկերը: Չեխիայում քաղաքական սերնդափոխություն է տեղի ունեցել, եւ Ադրբեջանը, շատ չեխ պաշտոնյաների անտեղյակությունը օգտագործելով, գործի է դրել իր քարոզչամեքենան ի շահ իր ծրագրերի: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ երբ հանդիպումների ժամանակ իրենք ներկայացնում էին հիմնախնդրի իրական պատկերը, չեխ խորհրդարանականները խոստովանում էին, որ իրենք անտեղյակ են եղել: Պարոն Նիկոյանը տեղեկացրեց նաեւ, որ պայմանավորվել են Չեխիայում առաջիկայում տեղի ունենալիք ընտրություններից եւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո ստեղծել պատգամավորական բարեկամության խումբ եւ ակտիվորեն աշխատել դեսպանատների բացման ուղղությամբ: «Խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնելու անհրաժեշտությունը մեծ է»,- համոզված է ԱԺ փոխնախագահը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը այցի կարեւորությունը պայմանավորեց դիվանագիտական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի խախտված լինելու եւ խորհրդարանականների շրջանում ստեղծված թյուր պատկերացումները հանդիպումների ընթացքում ցրելու եւ հարցի իրական պատկերը ներկայացնելու գործոններով: Բանախոսի հավաստմամբ` հենվելով հիմնավոր եւ առաջին հերթին ադրբեջանցիների ներկայացրած փաստերի վրա, իրենց հաջողվեց ներկայացնել ճշմարտությունը եւ բավականաչափ փոխել ստեղծված իրավիճակը: Ցանկալի հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել նման հանդիպումները. դա է պահանջում խորհրդարանական դիվանագիտությունը:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply