Եհովայի վկա սկեսուրն ուզում է հարսին և թոռներին անտուն թողնել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 25, 2010 17:49

43-ամյա Կարինե Գրիգորյանն արդեն մեկ տասնամյակ է` իր երկու դուստրերի հետ բնակության որոշակի վայր չունի. երբ ֆինանսական միջոցներ է ունենում, բնակարան է վարձում, երբեմն-երբեմն էլ ժամանակավոր բնակվում են բարեկամների տանը: Պատահում է նաև, որ կարճ ժամանակով բնակվում են Նոր Նորքում գտնվող իրենց 3-սենյականոց բնակարանում, որի 1 սենյակը պատկանում է Կարինեի սկեսրոջը, իսկ մյուս երկուսի համար Կարինեն, դուստրերը և նախկին ամուսինը սեփականության վկայական ունեն:

Սակայն Կարինեն ասում է, որ համատեղ բնակարանում ինքն ու դուստրերը հալածանքների են ենթարկվում սկեսրոջ, նախկին ամուսնու և ամուսնու քրոջ կողմից: «Մարդ որ տան մեջ չկարողանա սանհանգույցից օգտվել կամ լույս վառելու, ջուր օգտագործելու  իրավունք չունենա,  էդ տանը ապրել կլինի՞»,- ասում է նա:

Կարինեն  Ալբերտ Կարապետյանի հետ ամուսնացել է 1991-ին, նրա երրորդ կինն է: «Ինձանից առաջ երկու հարս են ունեցել, նրանց հարցերը կարողացել են լուծել, իմ պարագայում նրանց խանգարեցին երեխաները: Կեսուրս օր ու արև չի տվել, ամեն հնարքի դիմում էր ինձ տնից վռնդելու համար: Անգամ մայր ու տղա փորձեցին ինձ անբարոյական հանել` տնից վռնդելու համար»,- պատմում է Կարինեն:

Նա 1998-ին երեխաների հետ ստիպված հեռանում է ամուսնու տնից և դիմում դատարան` խնդրելով իրեն բնակտարածք հատկացնել բնակարանում, որտեղ գրանցված բնակիչ է եղել ամուսնությունից ի վեր: Առաջին ատյանի, ապա նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանը 1999-ին  բավարարում են Կարինե Գրիգորյանի հայցը` նրան, ամուսնուն և երեխաներին հատկացնելով 3-սենյականոց բնակարանի 2 սենյակները:

«Կարինե Գրիգորյանը երեխաների հետ վիճելի տան նկատմամբ ձեռք է բերել բնակության իրավունք ՀՀ բնակ. օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն, ուստի պետք է բավարարել նրա հայցը»,- նշված է վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ: Ապա դատարանը վճռել է. «Կարինե Սամվելի Գրիգորյանին երեխաների և ամուսնու` պատասխանող Ալբերտ Կարապետյանի հետ հատկացնել Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգվածի … երեքսենյականոց բնակարանի` 10 քմ և 17,6 քմ մակերեսով սենյակները, իսկ 12,3 քմ մակերեսով սենյակը` պատասխանող Սիրվարդ Մարտիրոսյանին: Օժանդակ և կոմունալ հարմարությունները թողնել համատեղ օգտագործման»: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի  1999-ի մարտի 18-ի այս վճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Կարինեն պատմում է, որ երկար չի դիմացել և ամուսնալուծվել է, ապա նաև ստիպված հեռացել է դատարանի վճռով իրեն և երեխաներին պատկանող բնակտարածքից. «Ամբողջ օրը ծեծուջարդի մեջ էինք: Տանը ոչ մի իրավունք չունեինք: Անհնար էր նման մթնոլորտում  ապրելը»:

Տարիներ տևած թափառումներից հետո Կարինեն դիմում է փաստաբանի, որն էլ խորհուրդ է տալիս սեփականաշնորհել իրեն պատկանող բնակտարածքը (նախկինում բոլորն այդ բնակարանում բնակվել են վարձակալական հիմունքներով, իսկ սկեսուրը` Սիրվարդ Մարտիրոսյանը, իրեն պատկանող 1 սենյակը սեփականաշնորհել է 2000-ին): Կարինեն դիմում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿ ՊԿ) Նոր Նորքի տարածքային ստորաբաժանում, որտեղ էլ նրան, նախկին ամուսնուն և դուստրերին տրվում է սեփականության վկայական` համասեփականատիրոջ կարգավիճակով:

Երբ բնակարանում հաստատվելու փորձերը նորից ձախողվում են, Կարինեն դիմում է առաջին ատյանի դատարան` խնդրելով իրեն հատկացնել իր բնակտարածքին համարժեք գումար` առանձին բնակարան գնելու համար:

Երբ գործը քննվում էր առաջին ատյանի դատարանում, սկեսուրն առաջարկում է 10 հազար դոլար տալ Կարինեին և այդպիսով հարցը փակել: Կարինեն, սակայն, հրաժարվում է` պատճառաբանելով, որ այդ գումարով անգամ մեկ սենյականոց բնակարան չի կարողանա գնել: Հետագայում առաջարկել են 13 հազար դոլար, ինչին Կարինեն համաձայնել է: «Էդ պահին 13 հազար դոլարով տուն էի գտել, մարդիկ դժբախտության մեջ էին ու շտապ տունը վաճառում էին, համաձայնեցի այդքան գումարին, բայց չտվեցին»,- ասում է Կարինեն:

Առաջին ատյանի դատական գործը, սակայն, կասեցվել է, քանի որ Կարինեի սկեսուրը` Սիրվարդ Մարտիրոսյանը, վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման` պահանջելով անվավեր ճանաչել Կարինե Գրիգորյանին, դուստրերին և նախկին ամուսնուն տրված սեփականության վկայականը:

«Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե մեզ էդ բնակարանից էլ զրկեն: Դիմել եմ դատարան, որ արդարությունը վերականգնվի, բայց սկեսուրս սպառնում է, թե մինչև վերջ կգնա ու ինձ ամեն ինչից կզրկի: Քանի հիշում եմ, սկեսուրս  Եհովայի վկա է, ասում է, թե աստծուն է հավատում, բա ո՞նց է ուզում իր թոռներին անտուն թողնել,- ասում է Կարինեն:- Էսքան տարիների ընթացքում մի անգամ մայր ու տղա չեն  հետաքրքրվել, թե ինչպես են երեխաները, ոնց եմ պահում: Ամեն երեխայի համար ամսական 4000 դրամ ալիմենտ եմ ստանում, էն էլ կռվով, բայց դրանով երեխա պահել կլինի՞: Հիմա Նաիրիտ գործարանում գիշերային հերթափոխով եմ աշխատում, որ երեխաներին պահեմ»:

Կարինեի  2 դուստրերը` 16 և 17 տարեկան Լուսինեն և Լիանան, ավարտել են դպրոցը և այժմ մասնագիտական կրթություն են ստանում, մեկն ապագա մանկավարժ է, մյուսը` դիզայներ-ձևավորող:  Կարինեն ասում է, որ դուստրերի ուսման ծախսը հոգալը դժվար է և գրեթե անհնար է դա համատեղել բնակարանի վարձակալության հետ: «Թող մի փոքր տուն լինի, միայն թե մերը լինի, վարձ չտանք»,- ասում է Կարինեն` հավելելով, որ նախկին ամուսնուց և սկեսուրից պարտք ու պահանջ չի ունենա, եթե անգամ պահանջվող գումարի փոխարեն մի փոքրիկ բնակարան տան իրեն ու դուստրերին:

Վարչական դատարանը Սիրվարդ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ  ԱԳԿ ՊԿ Նոր Նորք տարածքային ստորաբաժանման, կքննի մայիսի 27-ին: Այստեղ որպես երրորդ անձ ներգրավված են  նաև Կարինե Գրիգորյանը, Ալբերտ Կարապետյանը և նրանց 2 դուստրերը:  Կարինե Գրիգորյանը, սակայն, այս դատավարությանը կմասնակցի առանց փաստաբանի. վերջինս հրաժարվել է Կարինեի շահերը պաշտպանելուց, երբ նա մերժել է սկեսուրի առաջարկած 10 հազար դոլարը:

Դիտվել է 1832 անգամ:
Print Friendly

Leave a Reply