Ա. Միհրանյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջը դեռեւս չի եկել»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 25, 2010 16:14
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջը դեռեւս չի եկել. դա կլիներ այն դեպքում, երբ Հայաստանը դուրս գար արձանագրությունների վավերացման գործընթացից: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ով մասնակցում է Երեւանում ընթացող «Իրավիճակը Կովկասում եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային կոնֆերանսին:
Նրա խոսքով, քանի դեռ արձանագրությունների տակ կան երկկողմ ստորագրությունները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթացքի մեջ է: «Միջնորդներն ակտիվորեն փորձում են որեւէ առաջընթաց գտնել հայ-թուրքական հարցում, քանի որ նրանք շատ են շահագրգռված, որ հայ-թուրքական առկա խնդիրն ունենա առաջընթաց»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա` այն փաստը, որ Թուրքիայում այսօր տեղի են ունենում հանրահավաքներ, որոնցում թուրք մտավորականները հրապարակայնորեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին, հայտնում կարծիքներ, վկայում է, որ հայկական դիվանագիտությունը եւ հայկական հարցը այս կտրվածքով մեծ առաջընթաց է արձանագրել:
«Դժվար թե այս առաջընթացը լիներ, եթե չլինեին հայ-թուրքական բանակցությունները եւ չստորագրվեին արձանագրությունները: Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Եվրամիությունը կշարունակեն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին, որից հետո թուրքական կողմը ստիպված կլինի գնալու հնարավոր լուրջ զիջումների»,- ասաց Ա. Միհրանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
