Հայ-ամերիկյան առողջության կենտրոն. ամեն 13-րդ կնոջ մոտ ախտորոշվում է քաղցկեղ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2009 17:29

untitled52Աշխարհում արյան շրջանառության հիվանդություններից հետո քաղցկեղից մահացությունը երկրորդ տեղում է. ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է 12 մլն մարդ, որից մահանում է ուղիղ կեսը:

2006թ-ին Հայաստանում չարորակ նորագոյություններով հիվանդների թիվը 7.163 է. այժմ այդ թիվն աճել է մոտ 17 տոկոսով:

Մեր երկրում քաղցկեղային հիվանդությունների տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2006թ-ին, 2005թ.-ի համեմատ, Հայաստանում 0,6 տոկոսով աճել են նորագոյացություններից մահվան դեպքերը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի տեղեկացմամբ՝ կենտրոն օրական այցելում է մոտ 100 կին, և ամեն 13-րդ կնոջ մոտ ախտորոշվում է քաղցկեղ:

1997 թ-ից մինչ այսօր կենտրոն դիմած 170 000 կանանցից 85 000-ն անցել է կրծքագեղձի զննություն: Նրանցից 5000-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղի արդեն բարդացած տարբերակը, իսկ 800-ի մոտ` ամենավաղ։

Հակոբյանի խոսքերով` պրոֆիլակտիկ բուժզննման նպատակով իրենց դիմած 1500-1600 կանանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել զարգացման ամենավաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել համապատասխան բուժում նշանակել, քանի որ ամենավաղ փուլում քաղցկեղը բուժելի է։ «Եվ եթե վիրահատությունից 5 տարի անց օրգանիզմում քաղցկեղի բջիջներ չեն առաջանում, նշանակում է` հիվանդությունը նահանջել է»,-բացատրում է Հակոբյանը` հորդորելով կանանց գոնե տարին մեկ բուժզննում անցնել։

Մասնագետներն ասում են, որ կրծքագեղձի քաղցկեղը բացառապես կանանց հիվանդություն չէ։

Առողջության կենտրոնում գրանցվել է նաև կրծքի քաղցկեղ ունեցող 7 տղամարդ (4-ը մահացել է): Այժմ հաշվառված է մոտ 100 երիտասարդ տղամարդ, ովքեր ունեն բարորակ գոյացություններ կրծքում՝ գինեկոմաստիաներ, որոնց առաջացման պատճառը հորմոնալ խախտումներն են։

Հակոբյանի խոսքով` առաջիկայում իրենց կենտրոնում կբացվի տղամարդկանց համար նախատեսված առանձին բաժանմունք` շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով: Կգործի նաեւ երեխաների համար նախատեսված բաժանմունք:

Մասնագետներն ասում են, որ քաղցկեղի ոչ մի տեսակ չունի իրեն հատուկ ախտանիշ: Այն կարող է քողարկվել այլ ախտանիշների տակ, օրինակ՝ թոքի քաղցկեղը` թոքաբորբի:

Բժշկուհի Գայանե Թովմասյանն էլ զգուշացնում է, որ40 տարեկանից հետո քաղցկեղով հիվանդանալու ռիսկը բավական մեծանում է, իսկ երիտասարդ տարիքում հիվանդությունը զարգանում է ավելի արագ:

Դիտվել է 2611 անգամ:
Print Friendly

Leave a Reply