Կ. Զատուլին. «ԼՂ խնդրի կարգավորման հիմնական հարցերից մեկն ուժի կիրառումից եւ դրա սպառնալիքներից հրաժարվելն է»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | May 25, 2010 15:44
ԱՊՀ ինստիտուտի ղեկավար, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած Ազգային Ժողովի ընտրություններին եւ համոզված է, որ ամենափոքր ազգն անգամ արժանի է ինքնորոշման իրավունքի:
Ինչպես Երեւանում այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կ. Զատուլինը, ով մասնակցում է «Իրավիճակը Կովկասում եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային կոնֆերանսին, ԼՂ խնդրի կարգավորման հիմնական հարցերից մեկն ուժի կիրառումից եւ դրա սպառնալիքներից հրաժարվելն է: «Համոզված եմ, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածությունը գրեթե առկա է, այն գտնվում է բանակցությունների սեղանին: Պարզապես, դրան հանգելու համար հարկավոր է, որ կողմերն ունենան քաղաքական տղամարդկություն:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, Եվրամիությունը, որոշ առումով նաեւ Թուրքիան Իրանի հետ միասին, պետք է իրենց դիրքորոշումը ձեւակերպեն այս խնդրի շուրջ եւ առաջարկեն այն կողմերին: Անձամբ ես կարծում եմ, որ այդ դիրքորոշումը կլինի այն, որ կվերադարձվի մի մասն այն տարածքների, որոնք ներկայումս զբաղեցնում են ԼՂՀ զինված ուժերը` ԼՂՀ-ի անկախության ճանաչման դիմաց»,- ասաց Կ. Զատուլինը: Նրա կարծիքով, Ադրբեջանը հարաբերությունների առումով խնդրահարույց պետություն է Ռուսաստանի համար, եւ չնայած դրան` ՌԴ-ն ցանկանաում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ:
«Ադրբեջանը մասնակցեց նաեւ ՎՈՒԱՄ-ի աշխատանքներին, իսկ բոլորին է հայտնի, որ այդ միությունը ստեղծվել էր որպես օտար գաղափարների հաղորդիչ հետխորհրդային տարածքում, որպես հակակշիռ` ԵվրաԶէս-ի եւ ՀԱՊԿ-ի»,- նկատեց Կ. Զատուլինը: Նա չի հավատում, որ Ադրբեջանը կորոշի ռազմական ռեւանշ իրականացնել: «Ադրբեջանը զարգանում է տնտեսապես, իսկ ռազմական գործողությունները ֆինանսական միջոցերի ներդրման օգտին վատագույն ագիտացիոն միջոցը կարող են լինել: Ես դրան վերաբերում եմ որպես Կովկասի համար սովորական բլեֆի»,- ասաց Կ. Զատուլինը` ավելացնելով, որ պառնալիքները ոչ մեկին պատիվ չեն բերում:






Facebook
Tweet This
Email This Post
