Հասարակական քննարկումներ Կապանում` Լեռնաձորի ուրանի պաշարների ուսումնասիրության ծրագրի շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2010 15:13

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից ֆինանսավորվող «Լրագրողական առաքելություններ մամուլի ներկայացուցիչների համար» ենթանախագծի շրջանակներում մայիսի 24-ին Սյունիքում էր հանրապետությունում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների խումբը: Լրագրողների այցը կազմակերպվել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ նպատակ ուներ տարբեր լրատվամիջոցներով լուսաբանել ուրանի պաշարների ուսումնասիրության ծրագիրը, որը անհանգստություն է առաջացրել տարածաշրջանի բնակչության մեջ:

ԵԱՀԿ` Կապանի «Օրհուս» կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցում էին մարզում գործող բնապահպանական հկ-ների, ՏԻՄ-երի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, քննարկվել են Լեռնաձորի ուրանի պաշարների հետազոտության եւ հանքավայրի շահագործման հետեւանքով հնարավոր բնապահպանական խնդիրները: Այս հարցով անհանգստացած հկ-ները սկսել են ստորագրահավաք, որի միջոցով բնակիչները կարող են արտահայտել իրենց կամքն իրականցվելիք ծրագրի նկատմամբ: Կլոր սեղանի ավարտից հետո լրագրողների խումբն այցելել է Լեռնաձոր, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց տեսակետները, մտահոգությունները խնդրի վերաբերյալ:

Մարզ կատարած այցից հետո լրագրողների խումբը Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կհանդիպի ոլորտը ներկայացնող պատասխանատուների հետ: Ի դեպ, նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ պատրաստ է հունիսի առաջին կեսին շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նոր քննարկում անցկացնել Կապանում:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply