Ընդամենը 2 տարվա ազատազրկում երեխաներին բռնաբարելու համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 24, 2010 18:16

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ 2 տարվա ազատազրկման դատապարտեց մանկապղծության մեջ մեղադրվող Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանին: Նրան կալանքի տակ վերցրեցին հենց դատարանի դահլիճից:

Դատարարանը պարզել է, որ Ավագյանը «2006-2008 թվականներին իր սեռական կրքերին հագուրդ տալու համար ակնհայտ 16 տարին չլրացած աշակերտների նկատմամբ բռնության գործադրմամբ և նաև առանց բռնության կատարել է անառակաբարո գործողություններ»: Գործում ներգրավված են 5 տուժողներ, ում նկատմամբ Ավագյանը սեռական ոտնձգություններ է կատարել, երբ վերջիններս եղել են 12-15 տարեկան: Ավագյանը նրանց հետ  պարբերաբար տարբեր պատրվակներով մենակ է մնացել և կատարել անառակաբարո գործողություններ: Դատաքննության ընթացքում ի հայտ են եկել նաև ավելի վաղեմի դեպքեր, որոնք ապացուցում են, որ Ավագյանն առնվազն 23 տարի շարունակ սեռական ոտնձգություններ է կատարել իր աշակերտների նկատմամբ,նրանց ծեծել ու խոշտանգել, սակայն դատարանն այդ դեպքերի համար հետապնդում չի իրականացրել՝ համարելով, որ դրանց վաղեմության ժամկետն անցել է:

Դատարանն արագացված դատաքննության կարգով Ավագյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 142 հոդվածի առաջին մասով՝ անառակաբարո գործողությունների կատարում անչափահաս անձանց նկատմամբ, և ազատազրկման դատապարտեց 6 ամիս ժամկետով, և երկրորդ մասով՝ նույն գործողությունների կատարումը բռնության գործադրմամբ և ազատազրկման դատապարտեց 1,5 տարի  ժամկետով: Ընդհանուր առմամբ Ավագյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Դատարանն Ավագյանի միջնորդությամբ արագացված դատաքննություն էր իրականացնում, որի դեպքում չեն լսում վկաներին ու չեն քննվում առկա փաստերը:

Դատախազ Կարեն Բատիկյանը ամբաստանյալի համար պահանջել էր 1,5 տարվա ազատազրկում՝ նրա արարքը որակելով որպես մանկապղծություն: Իսկ Ավագյանի փաստաբանն էլ առաջարկել էր իր պաշտպանյալին ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ սահմանել:

Լևոն Ավագյանը և իր փաստաբան Վիկտորիա Կիրակոսյանը

Տուժողների իրավապաշտպան Ավագ Լալայանն ասում է, որ  Ավագյանին պետք է մեղադրանք  առաջադրվեր թե՚ ծեծի,  թե՚ խոշտանգումների մասով: «Եթե մեր փաստարկները ներկայացնեինք, ավելի խիստ պատիժ կստանար: Ավագյանն իր  մեղքն ընդունել է, քանի որ այսպես ավելի մեղմ պատիժ ստանալու հնարավորություն կար»,- ասում է Լալայանը:

Տուժածներից Հ.Ս.  նշում է, որ  2 տարին շատ քիչ է որպես պատիժ. «Հույս ունեի, որ գոնե 3-4 տարի կազատազրկեն, որ հասցնի իր սխալը հասկանալ»:

Ինչպես նախորդ դատաքննության ժամանակ, այնպես էլ այսօր մի խումբ մարդիկ հավաքվել էին դատարանի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու Ավագյանի համար մեղմ պատիժ կիրառելու դեմ:

«Առանց լսելու տուժող կողմի փաստերն արագ դատավճիռ են կայացնում:  Եթե նրանք խոսեին, հանցագործների ցուցակը կավելանար, պահանջում ենք, որ բացահայտվի ողջ ճշմարտությունը. թե՚ մանկապիղծը դատվի, և՚ թե նրա հետևում կանգնած մարդիկ, ովքեր արդեն 2 տարի շարունակ քարկապում են կծիկը, որ գործը չբացահայտվի»,- ասում է Մարիամ Սուխուդյանը, ում ջանքերով են  բացահայտվել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում կատարված անօրինությունները:

Սուխուդյանն ասում է, որ պայքարելու են մինչև վերջ. դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը դեռևս շարունակում է ղեկավարել կրթական հաստատությունը, մինչդեռ, ըստ Սուխուդյանի, պարզվել է, որ վերջինիս աշակերտները պարբերաբար տեղեկացրել են Ավագյանի արարքների մասին, սակայն նրանց չի հավատացել, բացի այդ  դաժանաբար ծեծել է երեխաներին ու խոշտանգել, աշակերտներին ներգրավել հարկադիր աշխատանքի մեջ, նաև առողջ երեխաներին կեղծ փաստաթղթերով մտավոր խնդիրներ ունեցողների դպրոց ընդունել:

«Անգամ  ԿԳ նախարար Աշոտյանը հայտարարեց, թե  դպրոցից 4 առողջ երեխայի տեղափոխել են  այլ  դպրոց: Ինչո՞ւ մինչ օրս քրեական գործ հարուցված չէ»,- հարց է բարձրացնում Սուխուդյանը:

Դիտվել է 3423 անգամ:
Print Friendly

Leave a Reply